Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների խախտմամբ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման կապակցությամբ.
«Հունիսի 15-ից ի վեր՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառյալ պարենի և դեղորայքի մատակարարումներն Արցախի Հանրապետություն՝ դրանով իսկ միտումնավոր զրկելով Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին, կանանց և ծերերին, գոյատևման նվազագույն միջոցներից։
Ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի ամբողջական և կամայական արգելափակումը, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ-ի կողմից Արցախի պաշարված ժողովրդի հիմնական կարիքների համար նախատեսված մարդասիրական բեռների փոխադրմանը միտումնավոր խոչընդոտելը, միջազգային իրավունքում դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն։ Ըստ էության, Ադրբեջանը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների աղաղակող խախտումներից և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի իրավաբանորեն պարտավորեցնող վճռի լիակատար անտեսումից անցել է պատերազմական հանցագործություն հանդիսացող գործողությունների։
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը, որը նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որով, մասնավորապես, սահմանվում է ՌԴ խողաղապահ զորակազմի կողմից միջանցքի բացառիկ վերահսկողությունը, անցած վեց ամիսների ընթացքում գործել է Ադրբեջանի կողմից խիստ և կամայական սահմանափակումներով և օգտագործվել միայն ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաների անցման համար։ Հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի հետ կապված կանխամտածված սադրանքից հետո Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է միջանցքը, այդ թվում՝ զրահամեքենաների օգտագործմամբ։ Այսպիսով, միջանցքով երկու ուղղություններով երթևեկությունն արդեն փակ է նաև ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների համար, որոնք առաջին անհրաժեշտության ապրանքներ էին մատարակարում Արցախի Հանրապետություն։
Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը և արտաքին աշխարհից մեկուսացումը խորացնում են հումանիտար ճգնաժամը և բարենպաստ հող նախապատրաստում, որպեսզի մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի շարունակական հանցագործությունները վերաճեն ցեղասպանության հանցագործության։ Ամբողջովին արգելափակելով Լաչինի միջանցքը, որն արցախցիների կյանքի միակ ճանապարհն է, Ադրբեջանը փաստացի նոր մակարդակի է հասցրել Արցախի էթնիկ զտման և որպես այդպիսին նրա ժողովրդի ոչնչացման իր նպատակաուղղված քաղաքականությունը։
Կասկածից վեր է, որ Լաչինի միջանցքի նկատմամբ ապօրինի վերահսկողություն սահմանելու սկզբնական նպատակը եղել է դրա հետագա արգելափակումը և շրջափակման օգտագործումը որպես Արցախի ժողովրդի դեմ ագրեսիվ և ցեղասպան քաղաքականություն վարելու միջոց։ Ըստ էության, Լաչինի միջանցքը, որն ի սկզբանե նախատեսված էր արտաքին աշխարհի հետ Արցախի կապն ապահովելու համար և հանդիսանում էր նրա ժողովրդի բնականոն կենսագործունեության երաշխիքներից մեկը, Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես ռազմաքաղաքական գործիք՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար:
120 հազար մարդկանց, այդ թվում՝ կանանց, ծերերին և երեխաներին գիտակցաբար սովի մատնելը, նրանց ամենօրյա անտանելի տառապանքներ պատճառելը, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով սեփական կամքը պարտադրելը, միջազգային հանրությունից պահանջում են ձեռնարկել հրատապ և արդյունավետ հարկադրական բնույթի միջոցներ՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումները կանխելուն։
Խստորեն պահանջում ենք, որպեսզի միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամները ձեռնարկեն անհրաժեշտ հավաքական և անհատական միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական միջազգային հանցագործությունները, ինչպես նաև կանխելու Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանության աղետը: Ժամանակն է նաև, որպեսզի ԿԽՄԿ-ն և այլ համապատասխան միջազգային կառույցները և իրավապաշտպան կազմակերպությունները պատշաճ և համարժեք գնահատեն ստեղծված իրավիճակը և հորդորեն Ադրբեջանի իշխանություններին հարգել Արցախի ժողովրդի մարդասիրական օգնության և միջազգային պաշտպանության իրավունքը։ Ընդգծում ենք, որ անգործությունը և անտարբերությունը փաստացի խրախուսում են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները»։