Դոնի Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի շտաբում, որը շրջափակել են «Վագներ» խմբավորման մարտիկները, ուժեղ պայթյուն է լսվել։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ուժեղ պայթյունը լսվել է Բուդենովսկիի պողոտայի եւ Պուշկինսկայա փողոցի խաչմերուկում, որտեղ գտնվում է Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Չի բացառվում, որ ձայնը եղել է պայթուցիկ փաթեթից։
Ականատեսները հաղորդում են նաեւ ավտոմատներից օդ արձակված մի քանի կրակոցների մասին։
ՄՌԿ «Վագները» շաբաթ գիշեր Դոնի Ռոստովում գրավել է Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում շրջում են զինված խմբեր, մուտքերի ու ելքերի մոտ տեղադրվել են անցակետեր։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների համատեքստում, թե իբր ՌԴ ԶՈՒ-ն «Վագներ»-ի ճամբարներ ենթարկել է հրթիռային հարձակումների եւ ռմբակոծությունների։ Սա հերքել է եւ ՌԴ ՊՆ-ն եւ Ազգային անվտանգության ծառայությունը։ Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողություններն անվանել է հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի թիկունքին եւ դավաճանություն, որը բերել է չափազանց մեծ հավակնությունների եւ անձնական շահերի։ Դավաճանության, շանտաժի եւ ահաբեկչության ուղին բռնածները անխուսափելի պատիժ են կրելու, Զինված ուժերը ստացել են անհրաժեշտ հրամանները՝ հավելել է երկրի ղեկավարը։
Պուտինի խոսքով՝ Դոնի Ռոստովում իրավիճակը շարունակում է լուրջ մնալ, քաղաքացիական եւ ռազմական իշխանությունների աշխատանքը արգելափակված է։