Ալիևը փակ հանդիպման ժամանակ ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ թվային ձեւակերպումով. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպման ժամանակ նույնպես ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը` թվային ձևակերպումով։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ վնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ալիեւն ասում է՝ ես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չունեմ: Չգիտեմ՝ ես դա ասելու իրավունք ունե՞մ, թե՞ չունեմ, կարծում եմ՝ ունեմ. փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունում ու ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը թվային ձևակերպումով»,- ասաց նա։

ՀՀ ԱԺ խոսնակը շեշտում է, որ չնայած Ադրբեջանի նման հայտարարությանը` հայկական կողմը մտահոգություններ դեռ ունի. «Մինչև թուղթը չլինի, մինչև երաշխավորը չլինի, անընդհատ մտահոգիչ բան ենք տեսնում,, անընդհատ սպասում ենք պատերազմի»,– ասաց Ալեն Սիմոնյանը:

Իսկ ինչո՞ւ Հայաստանը շտապեց ու բացեիբաց հայտարարեց տարածքային ամբողջականությունը ընդունելու մասին հարցին` Ալեն Սիմոնյանը հարցով պատասխանեց. «Իսկ մենք մերը չասեի՞նք, չասեի՞նք, որ էտ տարածքի մեջ մերը դա է»:

«Պետք է հասկանալ՝ Հայաստանի Հանրապետությունը որն է, այդ վերացական՝ Արարատից, Վանից, Մուշից… ինձ համար ամբողջը հայկական լեռնաշխարհ է, բայց պետք է հասկանանք՝ Հայաստանը վերացական ամորֆ բա՞ն է, թե՞ այնուամենայնիվ, սահմաններ ունեցող պետություն է»,- նշեց ԱԺ նախագահը:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ պետք է տարբերել պետությունն ու հայրենիքը։ Նա պնդում է, որ Ղարսը իր հայրենիքն է, քանի որ տատն այնտեղից է, բայց այսօր ՀՀ–ն դա 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն է, որով ՀՀ բնակչությունն անկախացել է Սովետական Միության փլուզման ժամանակ։

Spread the love