Թուրքիան փորձում է քաղաքական ուղղվածությունը թեքել դեպի Արեւմուտքը՝ չփչացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները։ «Էրդողանը սկսում է իր առեւտրի հիմնական փուլերից մեկը առաջնահերթ ԱՄՆ-ի հետ։ Բայդենի հետ հեռախոսազրույցում խոսք է գնացել նաեւ Եվրամիությանն անդամակցելու մասին։ Տեղի է ունենում Թուրքիայի արտաքին քաղաքականության հերթական ուղղորդումը դեպի Արեւմուտք։ Էրդողանի կառավարման հատկապես վերջին շրջանում դա հաճախակի է պատահում։ Պատճառն ակնհայտ է՝ ինչ-որ բան պոկել, բայց նաեւ Թուրքիան չի հրաժարվի հարաբերությունների այն մակարդակից, որն ունի Ռուսաստանի հետ, որովհետեւ այն շատ օգտակար է իր համար։ Էրդողանը սա կատարում է բավականին վարպետորեն»,- նշեց Սաֆրաստյանը։
Թուրքիագետի խոսքով՝ նման քաղաքականության պատճառներից մեկը Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի դերն է, որովհետեւ նա կրթություն է ստացել Եվրոպայում, ներգրավված եղել ՆԱՏՕ-ի աշխատանքներում։
«Չեմ կարծում, որ հենց այդ պատճառով է ընտրությունը կանգնել իր վրա։ Էրդողանի համար ամենակարեւորը, որ ինքը վստահում է Ֆիդանին։ Նա է ասել, որ Ֆիդանը պահպանում է Թուրքիայի գաղտնիքները, իր անձնական գաղտնիքները եւ Թուրքիայի գաղտնիքները։ Էրդողանը փորձարկում է Ֆիդանին եւ չեմ բացառում, որ ինքը պատրաստում է Ֆիդանին որպես իր հետնորդի»,- ընդգծեց Սաֆրաստյանը։
Սաֆրաստյանը նկատում է՝ Ռուսաստանի տարբեր մակարդակներում արդեն երեւում են դժգոհություններ Թուրքիայի քաղաքականությունից։ Այդ դժգոհություններն ավելի են սրվում, երբ Թուրքիան աջակցում է Ուկրաինային։
«Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ ստորագրվել է ռազմատեխնիկական համաձայնագիր, որով Թուրքիան կօգտագործի Ուկրաինայի շարժիչների հնարավորությունները, որովհետեւ Թուրքիան չի կարողանում դրանք արտադրել։ Թուրքիան էլ ծանր զենք կտա Ուկրաինային։ Եվ այստեղ պատահական չէ, որ ռուս պատգամավորներից մեկն ասել է՝ հակամարտությունում Թուրքիան չեզոք կողմից դառնում է հակառակ։ Ռուսական քաղաքականության մեջ ընդունված է, որ սկզբում ամեն ինչ ասվում է պատգամավորների շուրթերից։ Երկու կողմերն էլ կփորձեն պահպանել հարաբերությունները, սակայն Թուրքիայի նման մարտավարությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի քաղաքականության կոշտացմանը»,- ասաց Սաֆրաստյանը։