Այս տարի սակավաջրությամբ եւ հիդրոօդերեւութաբանական իրավիճակով պայմանավորված` առաջարկում ենք 170 մլն խորանարդ մետր նախատեսված ջրառը Սեւանից ավելացնել եւ դարձնել մինչեւ 240 մլն խորանարդ մետր: Մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք եւ փորձենք ավելի փոքր ծավալով ջրառով կարողանանք բնականոն ավարտել գյուղատնտեսական տարին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկվել է նախագծում կատարել խմբագրական փոփոխություններ:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: