Ադրբեջանի ԱԳՆ-ն «հիասթափված է» ԼՂ վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունից

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «հիասթափված է» Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունից։

«Ռուսաստանի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ փոխադարձ համագործակցության մասին հռչակագրին եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներին՝ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության, ներառյալ ղարաբաղյան տարածաշրջանը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում, որ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանի եւ պայմանավորի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը այն փաստի համատեքստում, որ Հայաստանի վարչապետը, որը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական տարածքները, Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս:

Նշվում է, որ այսօր հենց Ադրբեջանն է գործուն քայլեր ձեռնարկում Հայաստանի հետ խաղաղ գործընթացում առաջընթացի հասնելու համար:

Ընդ որում, Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրում է ոչ թե Արցախի ժողովրդին ամենադաժան զրկանքների ենթարկած իր երկրին, այլ եռակողմ հայտարարությունը ստորագրած մյուս կողմերին:

«Միեւնույն ժամանակ, Հայաստանը մինչ օրս չի կատարել այդ հայտարարության շրջանակում ստանձնած իր պարտավորությունների մեծ մասը եւ ռուսական կողմը չի ապահովել այդ փաստաթղթի ամբողջական կատարումը։ Չնայած Լաչինի ճանապարհի օգտագործման ժամանակ անօրինական գործունեության մասին Ադրբեջանի բազմիցս նախազգուշացումներին՝ ոչ մի քայլ չի ձեռնարկվել այդ գործողությունները կանխելու համար»,-ասվում է ադրբեջանական կողմի տարածած հայտարարության մեջ:

Spread the love