1915թ. Ռուսաստանը լքեց տարածաշրջանը, եւ հայերը մնացին դեմ–դիմաց Թուրքիայի հետ․ հետեւանքը Ցեղասպանությունն էր. Փաշինյան

Իրականում հարցն այն չէ՝ Հայաստանը դո՞ւրս է գալիս կամ դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, թե՝ չէ, իրականում հարցն այն է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դո՞ւրս է գալիս, թե՞ ոչ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, «Ֆրանս-պրեսս» գործակալության հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա տեսնում է ինչ–որ մի օր ՀԱՊԿ-ը լքելու հեռանկար։

«Շատ փորձագետներ կան Հայաստանի Հանրապետությունում, անկախ փորձագետներ, որ ինձ պարբերաբար զեկույցներ են ուղարկում այն մասին, որ այս գործընթացներն ի ցույց են դնում, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից: Ավելին՝ կան շատ փորձագետներ, որոնց գնահատականն այն է, որ Ռուսաստանն է դուրս գալիս տարածաշրջանից: Դա, իհարկե, թվում է ֆանտաստիկայի ժանրից, բայց ցավոք մեր ժողովուրդն այդ պատմությունը տեսել է: Ի վերջո ինչի՞ հետևանք էր 1915թ. Հայոց ցեղասպանությունը, երբ կոնֆլիկտային իրավիճակի բերումով ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանն, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել: Եվ հայերը, որոնք հստակ ընտրություն էին կատարել՝ աշխարհաքաղաքական ընտրություն, մնացին երես առ երես, դեմ-դիմաց Թուրքիայի հետ: Բնականաբար, այդ վերլուծություններն ավելի ահագնացան, ավելի սրվեցին վերջերս Ռուսաստանում տեղի ունեցած բոլորիս հայտնի իրադարձությամբ, ճիշտ է մեկուկես օր տևեց այդ իրադարձությունը, բայց տասնյակ վերլուծական, փորձագիտական տեղեկանքներ եմ ստացել այդ մեկուկես օրվա ընթացքում, որ սա 1915թ. սցենարն է»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ հիմա կա պետություն, եւ ամեն ինչ պետք է կառուցվի այդ տրամաբանությամբ։

«Պետք չէ կարծել, որ կտեսնենք՝ Իրանը կամ Թուրքիան այստեղից գնացել են, զրո է, չկա այդպիսի հավանականություն, բայց հավանականությունը, որ ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոն, որ այստեղ այս պահին ներկա է, առավոտյան արթնանանք ու տեսնենք այստեղ չէ, այդպիսի հավանականությունը բարձր է զրոյից: Ընդ որում, պարտադիր չէ ուզենալով, պարտադիր չէ չարամտորեն, պարտադիր չէ ուզելով վնասել, պարտադիր չէ չուզենալով կատարել սեփական պարտավորությունները որևէ մեկի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ:Եվ էլի եմ ասում, սա այսօրվա խնդիրը չէ, սա վերջին 10 տարվա խնդիրը չէ, վերջին 30 տարվա խնդիրը չէ: Սա վերջին 100 տարվա խնդիրն է, սա վերջին 150 տարվա խնդիրն է: Եվ այսօր մեր վիճակը շատ բարդ է, բայց ի տարբերություն 100 և մի քիչ ավելի տարի առաջվա, մենք այսօր ունենք պետություն, որը համարվում է ժողովրդավարական, որը համարվում է զարգացող և որը համարվում է բանակցությունների ունակ: Մենք ունենք շանս՝ հասկանալու այս ռիսկերը և կառավարելու, որը, սակայն, պետք է հասկանանք, հեշտ չէ»,- նշել է նա:

Spread the love