Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների արդյունքում զոհված 21-ամյա Տիգրան Ավետիսյանի աճյունը տեղափոխել են Հայաստան և կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Այս մասին հայտնում է Տիգրանի հորեղբորորդին՝ Արսեն Ավետիսյանը։
Տիգրան Ավետիսյանը ծնվել է զինվորականի ընտանիքում, եղբոր՝ Առնոլդի հետ սովորել Ստեփանակերտի Ք․ Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Նրա հայրը՝ գնդապետ Արսեն Ավետիսյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Պաշտպանության բանակում, չորս պատերազմների մասնակից է։ 2020թ․ 44 օրյա պատերազմի օրերին Արսեն Ավետիսյանը որդիների հետ կռվել է Ջրականի (Մեխակավանի) ուղղությամբ։
Տիգրանը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44 օրյա պատերազմը, Ջրականի՝ թշնամու վերահսկողության տակ անցնելուց հետո 18-ամյա Տիգրանը հասցրել է հանել Մեխակավանի եկեղեցու խաչն ու զորամասի կարևոր փաստաթղթեր վերցնելով նահանջել Հադրութ, որտեղ հոկտեմբերի 9-ին մերձամարտի մեջ է մտել ադրբեջանցիների հետ և վիրավորվել նռնակի պայթյունից, ապա տեղափոխվել հոսպիտալ։ Տիգրանի հարազատները նրանից լուր չեն ունեցել շուրջ 10 օր և նրա անունը ներառվել է անհետ կորածների ցուցակում։
«44 օրյա պատերազմի օրերին գրեթե հույս չկար, որ Տիգրանը ողջ է, մինչև նրանից զանգ չստացանք։ Տիգրանը շատ ծանր էր տանում Ջրականի, Հադրութի և մյուս տարածքների կորուստը։ Ամեն առիթով ասում էր, որ պիտի վրեժ լուծի Լևոնի և մյուս մարտական ընկերների մահվան համար։ Զորացրվելուց հետո Տիգրանն առանց որևէ մեկի կամքը հաշվի առնելու պայմանագրային ծառայության անցավ ՊԲ-ում»,-պատմեց Արսեն Ավետիսյանը։
Արցախի դեմ ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ Տիգրանն իր մարտական ընկերների հետ իրականացրել է Արցախի Վանք գյուղի պաշտպանությունը՝ կռվելով Նարեշտար և Չարեքտար բնակավայրերի մարտական դիրքերում։ Ազգականի խոսքով՝ վաշտի հրամանատարի վիրավորումից հետո Տիգրանը հրաժարվել է թողնել մարտական դիրքն ու ոտքից վիրավոր կռվել մինչև վերջին փամփուշտը։
Ավելի ուշ ՊԲ զինծառայողները փորձել են դուրս բերել Տիգրանին դիրքից, սակայն այն արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ է եղել։ Արդեն հրադադարից 4 օր անց՝ որոնողական աշխատանքների արդյունքում Տիգրանի դին հայտնաբերել են մարտական դիրքում՝ զենքը ձեռքում՝ մինչև վերջին փամփուշտը կրակված։