Մենք այս ընթացքում առաջին հերթին միջոցներ ենք ձեռնարկում, պայմանագրային խնդիրներն ենք կարգավորել, որ ունենանք գազի կայուն մատակարարումներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ առջեւում ձմել է, իսկ Արցախից բռնի տեղահանվածների պարգայում գազի ծախսը էականորեն ավելանալու է:
«Էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը մեր օրակարգում է եւ էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիան եւս մեր օրակարգում է: Էներգետիկ շուկայում որոշակի զարգացումներ ապահովելը նույնպես մեր օրակարգում է: Պետք է շեշտեմ շատ կարեւոր մի բարեփոխում՝ էներգետիկ շուկայի ազատականացումը, երբ շուկայում էներգիա արտադրողները շուկայում ազատ առեւտուր անելու հնարավորություն ունեն»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ ժամանակին Իրան-Հայաստան գազամուղը ավելի փոքր տրամաչափով կառուցվեց՝ ՌԴ-ի պահանջով, Փաշինյանն ասաց. «Այնպես չէ, որ Իրան-Հայաստան գազամուղի ամբողջ պոտենցիալը օգտագործվում է: Դրա մի մասն է օգտագործվում եւ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ վերջերս Իրանի գործընկերների հետ կնքեցինք պայմանագիր «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը մինչեւ 2030 թվականը երկարացնելու վերաբերյալ, ինչը շատ կարեւոր է:
Այսօր աշխարհում կան տեխնոլոգիաներ, որոնցից է մարտկոցային էլեկտրակայանների հիմնումը, որն աշխարհում մեծ թափ է ստանում: Մենք նաեւ այդ ուղղությամբ ենք մտածում եւ աշխատում: Կարող է պարզվել, որ Հայաստանը էներգետիկ առումով ինքնաբավ պետություն է, եթե պարզվի, որ արեւային էներգիայի մեծ հզորություններ ունենք: Արեւային էներգիայի պոտենցիալը ՀՀ-ում շատ մեծ է, մնում է այդ էներգիան հավաքել եւ կուտակել: Հիմա արդեն տեխնոլոգիաները կան, շատ մեծ տեմպերով մեզ մոտ արեւային էներգետիկան զարգանում է:
Ռենովացիայի ծրագիրը ստեղծել ենք, որ մարդիկ արտոնյալ վարկեր ստանան եւ դրա զգալի մասը էներգաարդյունավետության վրա ծախսեն: Եթե պարզվի, որ մեր շենքերը բավարար չափով էներգաարդյունավետ են, մենք էականորեն կարող ենք կրճատել մեր էներգետիկ ոլորտի ծախսերը»,- ասաց վարչապետը: