Հնդկաստանից Հայաստան է եկել ավելի քան 60 հազ․ քաղաքացի, և եթե Նյու Դելի-Երևան ուղիղ չվերթ բացվի, հնդիկ այցելուների թիվը կտրուկ կավելանա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նա պարզաբանել է, որ մարդիկ գալիս են Հնդկաստանի այն շրջաններից, որտեղ չեն կարողանում աշխատանք գտնել կամ շատ փոքր աշխատավարձ են ստանում՝ ամսական 25-ից 100 դոլար։
«Իսկ Հայաստանում մի քանի անգամ ավելի շատ են վաստակում, և քանի որ շատ համեստ են ապրում, աշխատավարձի մեծ մասը կարողանում են փոխանցել ընտանիքներին։ Նրանք հիմնականում աշխատում են սննդի առաքման, շինարարության կամ մաքրման ոլորտում: Բացի այդ, նրանք յոգայի դասընթացներ են անցկացնում»,- ասել է փորձագետը։
Մակարյանը կարծում է, որ նախընտրելի կլինի, որ հնդիկները հաշվի առնեն նաև տնտեսության այլ ոլորտներ, քանի որ միայն շինարարությունն ի վիճակի չէ ներգրավել այդքան բանվորների։
«Բացի այդ, նրանք հիմնականում գալիս են Երևան, թեև հաջորդ տարվանից մայրաքաղաքում շինարարության ծավալները կտրուկ կնվազեն, իսկ մարզերում կավելանան։ Հետևաբար, հնդիկ քաղաքացիները կամ պետք է մեկնեն մարզեր, կամ աշխատանք գտնեն այլ ոլորտներում: Վերջին դեպքում կպահանջվեն կոնկրետ հմտություններ և նրանց վերապատրաստման հարցում կառաջանան դժվարություններ, այդ թվում՝ լեզվական խոչընդոտների պատճառով»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է Ռուսաստանից ժամանած քաղաքացիներին, ապա նրանք հիմնականում աշխատում են սպասարկման կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, ասել է փորձագետը։
«ՏՏ մասնագետները որպես անհատ ձեռներեցներ բացում են իրենց սեփական բիզնեսը և ծառայություններ մատուցում նույն ընկերություններին, որոնց հետ աշխատել են մինչև Հայաստան գալը։
Մյուս կեսը լավ տեղավորվել է սպասարկման ոլորտում, մի մասը սրճարաններ կամ ռեստորաններ է վարձում և բիզնես կառավարում։ Բացի այդ, նրանք ներգրավված են թվային տնտեսության ոլորտում»,- ընդգծել է Մակարյանը։