«Կանաչ օրակարգ» ծրագիր. Հայաստանի ճանապարհային քարտեզը դեպի կայուն զարգացման ուղի:
ՀՀ կառավարությունը՝ Ստոկհոլմի Շրջակա Միջավայրի Ինստիտուտի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության հետ համատեղ, այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ օրակարգ» ծրագիրը և ծրագրի Ազգային Ղեկավար Կոմիտեի գործունեությունը։
Փոխակերպման ուղի սկսելով՝ Հայաստանն իր քաղաքականությունը միակցելու է «Եվրոպական Կանաչ Գործարքին» և Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, մասնավորապես՝ «Կանաչ oրակարգի» շրջանակներում նախատեսվում է ազգային քաղաքականությունները համապատասխանեցնել Հայաստանը դեպի ավելի կայուն և բարեկեցիկ ապագա ուղղորդող եվրոպական առաջատար չափորոշիչներին։
Ծրագրի մեկնարկի ազդարարմանը և Շրջակա միջավայրի նախարարության գլխավորությամբ անցկացվող Ազգային Ղեկավար Կոմիտեի անդրանիկ նիստին ներկա էին առանցքային շահագրգիռ կողմեր, պետական պաշտոնյաներ և միջազգային հանրության ներկայացուցիչներ։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, դիմելով ներկաներին, ընդգծել է ծրագրի կարևորությունը. «Այս գործողությունները լիովին համահունչ են ԵՄ Կանաչ գործարքի սկզբունքներին, որոնք ծառայում են որպես կարևոր ուղեցույց և հավակնությունների սանդղակ Հայաստանի կանաչ վերականգնման և կայուն զարգացման ճանապարհին։
Վստահ եմ, որ այս Ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունները, մասնավորապես երկրի կանաչ անցման գնահատման (CGTA) զեկույցը, Կլիմայական չեզոքության 2050թ. ճանապարհային քարտեզը, ինչպես նաև ինտիտուցիոնալ և տեխնիկական ներուժի հզորացումը հնարավորություն կտան կայուն զարգացման սկզբունքների համատեքստում կիսելու Եվրոպական միության՝ ոլորտում ձեռքբերած նվաճումները և արժեքները։
Ծրագրի առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարի ղեկավարմամբ ստեղծվել է նաև միջգերատեսչական ազգային կոմիտե, որտեղ ներառված են շահագրգիռ գերատեսչությունների պաշտոնյաներ՝ Ծրագրով նախանշված թիրախները պատշաճ հասցեագրելու նպատակով»:
Ազգային Ղեկավար Կոմիտեի նիստին ներկա գտնվողներին ուղերձ փոխանցվեց նաև Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնից. «Շվեդիայի համար առաջնահերթություն «Կանաչ օրակարգը» անգնահատելի հնարավորություն է Հայաստանի համար, որտեղ ավելի էկոլոգիապես մաքուր տնտեսությունը կարող է միաժամանակ բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը, խթանել կայուն աճը և ստեղծել աշխատատեղերի նոր հնարավորություններ։ Այս դժվարին ժամանակներում Հայաստանի տնտեսության անցումը ավելի կանաչ գործելակերպի իրենից ներկայացնում է ոչ միայն խելամիտ քաղաքական որոշում, այլև ռազմավարական տեսլական, որը խոստանում է արդար և ներառական առաջխաղացում դեպի կայուն, զրոյական արտանետումներով և էկոլոգիապես պատասխանատու տնտեսություն»:
Ներկաներին ուղղված իր ուղերձում Եվրոպական հանձնաժողովում շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով հանձնակատար Վիրջինիուս Սինկևիչուսը նշել է. «Կլիմայի փոփոխության նկատմամբ կայուն ապագան անհրաժեշտություն է, որի նախադրյալները մենք հիմնում ենք այսօր: Որդեգրելով կայուն քաղաքականություն և գործիքակազմ՝ Հայաստանն իր քաղաքականությունը համապատասխանեցնում է եվրոպական չափանիշներին՝ ձգտելով բարելավել իր քաղաքացիների կյանքի որակը, ստեղծել նոր բիզնես հնարավորություններ և ամրապնդել առևտրատնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ»։
«Կանաչ օրակարգը Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագրի մասին
Հայաստանյան գործընկեր ADWISE Consulting-ի կողմից համատեղ իրականացվող «Կանաչ օրակարգ» ծրագիրը հանդիսանում է կլիմայական քաղաքականության, շրջակա միջավայրի կառավարման և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների խթանման տարածաշրջանային նախաձեռնության մաս: Կենտրոնանալով եվրոպական չափորոշիչների որդեգրման վրա՝ այս ծրագիրը նպատակադրված է խթանել ավելի կանաչ տնտեսության անցումը և ավելի արդյունավետ բնապահպանական կառավարումը։
2023-2026 թթ. ժամանակահատվածում իրականացվելիք ծրագրի նպատակները ներառում են կլիմայի չեզոքության ճանապարհային քարտեզի մշակում, ներդրումների համար պատրաստի նախագծերի մշակում, կանաչ տնտեսության առավելությունների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացում և կանաչ տնտեսությանը անցնելու համար շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացում:
Խոսելով համակարգում արդեն իսկ առկա որակական փոփոխությունների մասին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է ՀՀ գիտության միջազգային մրցունակությունը ցույց տվող մի ցուցանիշի մասին:
«Մենք անդամակցում ենք «Հորիզոն Եվրոպա» ծրագրին, որտեղ գիտության ոլորտի ծրագրերի ֆինանսավորում է տրամադրվում: Երկիրը մասնակցության համար անդամավճար է տալիս ֆինանսավորման պատուհաններից օգտվելու համար: Եթե այս ծրագրին անդամակցության ժամանակ 2014-2020 թվականներին մեր գիտական կազմակերպությունները կարողացել են ստանալ ընդամենը 4,2 միլիոն եվրո, այն պարագայում, երբ մենք վճարել ենք 8,2 միլիոն եվրո անդամավճար, ընդ որում՝ դրանից 5,1 միլիոնը՝ պետբյուջեից, ապա 2021-ից հետո մենք արդեն 67 հայտ ներկայացրել ենք, որից 11-ն ընդունվել է: Արդեն 3,3 միլիոն եվրո դրամաշնորհ մեր գիտական կազմակերպությունները կարողացել են ստանալ, ընդ որում՝ կան ծրագրեր, որոնցում մեր գիտական կազմակերպությունները համակարգող են»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այն ցույց է տալիս ՀՀ գիտական կազմակերպությունների մրցունակությունը: