
Արծվիկ Մինասյանը նախ փաստել է, որ հանձնաժողովը չի պատրաստվում քննարկել հիմնադրամի կառավարչական գործառնությունները, ապա ուղղել առանցքային հարցերը: Պատգամավորը շեշտել է, որ նպատակն է պարզել, թե միջոցները, որոնք Կառավարությունը ստացել ու որոշակի ծախսումներ է իրականացրել, որքանով են համապատասխանում երկրի գործող օրենսդրությանը եւ արդյո՞ք ծախսման ուղղությունները ծառայում են դրամահավաքի կազմակերպման նպատակին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշել է, որ ՊԵԿ-ի կայքում առկա են հիմնադրամի ֆինանսական եւ ծրագրային հաշվետվությունները` հաստատված հոգաբարձուների խորհրդի կողմից: Մանրամասներին զուգահեռ նա տեղեկացրել է, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին մասնակցել է շուրջ 750.000 դրամատու: Դրամահավաքի մեկնարկը համաձայնեցվել էր հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաեւ Կառավարության հետ:
Հայկակ Արշամյանին հարցեր են ուղղել պատգամավորները: Դրանք վերաբերել են հանգանակությունների մեծ եւ միջին ծավալներին, հիմնադրամի հաշիվներին ու գործունեությանը, հանրության շրջանում կառույցի նկատմամբ առկա անվստահությանը, ինչպես նաեւ նվիրատվության, նվիրաբերության համար հիմք հանդիսացած հանգամանքներին:
Ելնելով քննարկվող ուղղությունների առանձնահատկություններից` քննիչ հանձնաժողովն աշխատանքները շարունակել է դռնփակ: