Գրեթե մեկ տասնամյակ Իրանում այնպիսի կոշտ բռնաճնշումներ չեն եղել, ինչպես 2023թ.։ Ավելացել է մահապատիժների թիվը, հազարավոր մարդիկ հայտնվել են ճաղերի հետեւում՝ բողոքներին մասնակցելու պատճառով, ավելի են կոշտացել օրենսդրությունը եւ իրավակիրառումը, գրել է «Медуза»-ն։
Փոփոխությունների գլխավոր պատճառը երկրում պահպանողական ճամբարի ամրապնդումն է, որի ներկայացուցիչները ստացել են թե՛ մեծամասնությունը խորհրդարանում, թե՛ նախագահական աթոռը։ Սակայն խնդիրը կարող է ավելի խոր լինել. 2021-2022թթ. փլուզվեց «իրանական դեմոկրատիայի» մոդելը, որի շրջանակում վերջին 30 տարիների ընթացքում բարեփոխիչները շատ հաջող պայքարում էին պահպանողականների դեմ իշխանության համար։ Այդ կես-կառույցը շատերի թերահավատությունն էր առաջացնում, բայց իրականում թույլ էր տալիս բարեփոխումներ իրականացնել, որոնք տառացիորեն փրկում էին մարդկանց կյանքը։
Ավելի շատ մարդիկ, քան 2023թ., Իրանում վերջին անգամ մահապատժի են ենթարկվել ութ տարի առաջ։ Իսկ 1988-ին երկրում միայն քաղաքական պատճառներով մահապատժի է ենթարկվել, տարբեր հաշվարկներով, 3-5 հազար մարդ։ Այլ խոսքով՝ ներկա ժամանակները չի կարելի անվանել ամենաարյունարբուն իսլամական հանրապետության պատմության մեջ։ Բանտերում գտնվող քաղբանտարկյալների ցուցակը այժմ ներառում է մոտ 1 100 մարդ։
Անգամ այս թիվը, սակայն, կարող է չարտացոլել իրական պատկերը։ Իրանցի իրավապաշտպանները հավաստիացնում են, որ 2022թ. վերջին հակակառավարական ցույցերի ժամանակ իշխանությունները ձերբակալել են մոտ 30 հազար մարդ։ 2023թ. մարտին նրանք ազատ են արձակել 22 հազարին, բայց այլ համաներումների մասին տեղեկություններ չկան։
Ցուցարարներին վախեցնելու գլխավոր մեթոդը դարձան մահապատիժները։ Նախանցած տարվա ձմռանը եւ անցած տարվա գարնանը առնվազն յոթ մարդ կախաղան է բարձրացվել ցույցերում ակտիվության հետ կապված մեղադրանքներով, մոտ 30 մարդ դատապարտվել է մահվան եւ սպասում է մահապատժի։ Դեպքերից մեկում իշխանությունները դատավճիռն ի կատար են ածել հրապարակայնորեն, Մեշհեդի փողոցներից մեկում (Իրանի արեւմուտք)։ Մինչ այդ թվում էր, թե հրապարակային մահապատիժները խոշոր քաղաքներում վաղուց անցյալի գիրկն են անցել։
Աշնանը, Գազայի հատվածում սրացումից հետո, Իրանում ավելացան իրականացված մահապատիժները։ Հավանաբար, իշխանություններին պահը հարմար էր թվացել, քանի որ համաշխարհային եւ անգամ տեղի ԶԼՄ-ների ուշադրությունը կենտրոնացել էր պաղեստինյան խնդրի վրա։ Հոկտեմբերի 7-ից հետո երկու ամսից էլ քիչ ժամանակում մահապատժի է ենթարկվել 127 մարդ, 11 ամսվա ընթացքում մահապատժի ենթարկվածների թիվը կազմել է մոտ 600 մարդ (ավելի թարմ տեղեկություններ առայժմ չկան, դրանք, հավանաբար, պետք է սպասել գարնանը)։
Բայց խստացման մասին վկայում են ոչ միայն մահապատիժները եւ ձերբակալությունները։ 2023թ. Իրանի քաղաքների փողոցներ, անունը փոխելով, վերադարձել է տխրահռչակ բարքերի ոստիկանությունը։ Իշխանություններն սկսել են փորձարկումներ անել հարկադրանքի նոր մեթոդներով՝ ստիպելով հետեւել իսլամական «դրես-կոդին». «խելացի» խցիկներ, որոնք օգնում են պարզել վարորդների ինքնությունը, որոնց մեքենաներում երթեւեկում են առանց հիջաբի կանայք, պարտադիր բուժում հոգեբանի մոտ՝ հիջաբի բացակայության դեպքում, ռեստորանների եւ առեւտրի կենտրոնների փակում, որոնց այցելուները «պատշաճ» կերպով չեն հագնվում։
Վերջապես, բանավեճերից եւ լրամշակումներից հետո ընդունվեց նոր օրենք հիջաբի մասին։ Այն, ի թիվս այլ բաների, խստացնում է պատասխանատվությունը կանանց գլխաշորի բացակայության դեպքում, 5-10 տարվա ազատազրկում է նախատեսում այն մարդկանց համար, որոնք քարոզում են իսլամական «դրես-կոդի» խախտումներ, տասն անգամ ավելանում է տուգանքը, մտցվում է երկրից դուրս գալու երկամյա արգելք հիջաբ կրելը վիրավորելու կամ ծաղրելու համար։