ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ստեղծել է նոր թիրախային խումբ, որը հետախուզական տվյալներ է հավաքում ՀԱՄԱՍ-ի ղեկավարների եւ պատանդների գտնվելու տեղի մասին եւ դրանք փոխանցում է Իսրայելին, գրել է The New York Times թերթը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին։
Նոր խմբի ստեղծման կարգադրությունն արվել է ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի կողմից հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո։
ԱՄՆ-ն բաձրացրել է նաեւ ՀԱՄԱՍ-ի գերակայությունն իր ցուցակում՝ չորրորդից բարձրացնելով ավելի շտապ՝ երկրորդ մակարդակ։ Առաջին մակարդակում ԱՄՆ «գլխավոր թշնամիներն են՝ Իրանը, Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը եւ Չինաստանը»։
ԱՄՆ-ն արդեն սկսել է Իսրայելին փոխանցել տեղեկություն ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարների գտնվելու տեղի մասին, բայց պարզ չէ, թե որքան արդյունավետ է դա արվել. Գազայի գլխավոր առաջնորդներից ոչ մեկը դեռ չի ձերբակալվել կամ սպանվել։
Հոդվածում նշվել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին չի փոխանցել տեղեկություն, որը հանգեցցրած լիներ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի տեղակալ Սալեհ ալ-Աուրիի սպանությանը։
Նշվել է նաեւ, որ «եթե անգամ Իսրայելը ստանա տեղեկություն այնպիսի ղեկավարների գտնվելու տեղի մասին, ինչպիսին են Յահյա Սինվարը կամ ՀԱՄԱՍ-ի ստվերային ռազմական ղեկավար Մոհամեդ Դեյֆը, Իսրայելը չի կարողանա անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ տեղեկությանը համապատասխան»։
Այս շաբաթ ամերիկացի պաշտոնյաները կրկնել են տեղեկություններն այն մասին, որ Սինվարի գտնվելու տեղը Գազայի թունելներում Իսրայելին հայտնի է, բայց «ՑԱԽԱԼ-ը չի կարող հարված հասցնել, որովհետեւ նա իրեն շրջապատել է բազմաթիվ պատանդներով»։
Ամերիկյան ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Իսրայելը բոլոր տեսակի զինյալներին սպանելու փորձերից անցնի խմբավորան ղեկավարների դեմ պայքարին։
Այդ անցումը, ամերիկացի պաշտոնյաների կարծիքով, կօգնի կրճատել խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը Գազայում եւ, հաջողության դեպքում, իսրայելցի քաղաքական գործիչներին «գործելու ավելի մեծ ազատություն կտա՝ Գազայում ռազմական գործողության համար»։
Թիրախային խումբը կենտրոնացել է նաեւ պատանդների որոնման եւ նրանց վիճակի մասին տեղեկություններ տրամադրելու վրա։ Զեկույցում նշվել է, որ ԿՀՎ տնօրեն Ռոբերտ Բյորնսը ակտիվ մասնակցություն է ունեցել բանակցություններին, որոնք հանգեցրել են գործարքի կնքմանը, որի արդյունքում պատանդների մի մասն ազատ է արձակվել։