Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը հերքում է իր միջամտությունը հոր՝ Աշոտ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ի մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե արդադատության փոնախարարի պաշտոնում իր նշանակումից հետո հորն առնչվող քրեական գործում փոփոխություններ են տեղի ունեցել, Արփինե Սարգսյանը նշել է, որ իր միջամտությունը գործին սահմնանափակվել է միայն մասնագիտական խորհրդատվությամբ։
«Իսկ ընտանիքի անդամներին մասնագիտական խորհրդատվություն տրամադրելն օրենքով չի արգելվում»,- հայտարարեց Արփինե Սարգսյանը։ Փոխնախարարի խոսքով՝ քրեական գործով մեղադրանքը փոփոխվել է գլխավոր դատախազության ներկայացուցչի կողմից։ Ընդ որում, մեղադրանքը վերաորկվել է այլ հոդվածով։ Առաջին ատյանի դատարանի կողմից եղել է մեղադրական դատավճիռ, սակայն Վերաքննիչ դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ։ Իսկ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել։
Հիշեցնենք, որ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի հայրը՝ Աշոտ Սարգսյանը, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մեղադրվել է կոռուպցիոն գործի շրջանակում: Խոսքը ՊՆ նախկին մատակարար Աշոտ Սարգսյանի մասին է, որը հայտնի է նաև «Վեդեցի Տոզդոյի Աշոտ» մականունով։ Դեռ 2014-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ պաշտպանության նախարարության վիդեոկոնֆերանս սրահների համար մատակարարված տեխնիկան վաճառվել է շուկայականից անհամեմատ բարձր գնով։