Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի վստահելի եւ կարեւոր գործընկերներից է, եւ մեր երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, բարեկամական հարաբերությունների եւ դինամիկ փոխգործակցության արդյունքներն ակնհայտ են:

2023 թվականի արդյունքներով Էմիրությունները Հայաստանի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է: 2023 թվականին առեւտրի ծավալն անցել է 2 միլիարդ ԱՄՆ դոլարը:

Ալեն Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ եւ վստահեցրել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է աջակցել այդ գործընթացի խթանմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերը համագործակցության մասին համաձայնագիր կնքելու միջոցով:

Անդրադառնալով Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու հայկական կողմի գործադրած ջանքերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ համապարփակ տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Spread the love