Փաշինյանը ԵԱՏՄ ներսում վստահության մակարդակի ամրապնդումն անվանել է սկզբունքորեն կարեւոր Հայաստանի համար

Հայաստանի Հանրապետությունը 2024թ. հունվարի 1-ից ընդունել է նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում, որտեղ ամեն պետություն կարեւոր դեր է խաղում տնտեսական համագործակցության ընդհանուր տարածքի ձեւավորման գործում։ Այս մասին նշվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին՝ 2024թ. կազմակերպության մարմիններում Հայաստանի նախագահության առիթով։

Ուղերձում նշվել է. «Հայաստանի Հանրապետության նախագահությունը համընկնում է 2014թ. մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյա հոբելյանին։ ԵԱՏՄ գործունեության տասը տարիների ընթացքում ձեռք են բերվել զգալի արդյունքներ փոխգործակցության բոլոր ոլորտներում։ Միեւնույն ժամանակ, մնում են ռազմավարական նշանակության մի շարք հարցեր, առանց որոնց լուծման անհնար է ավարտել արդյունավետ միասնական տնտեսական տարածքի ձեւավորումը։

Միայն ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի համադրմամբ կկարողանանք ստեղծել էլ ավելի կայուն տնտեսական համագործակցության մոդել ապագա սերունդների համար՝ առանց քաղաքական կամ աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ դրանց շաղկապման։

Համաշխարհային տնտեսության ընթացիկ անկայունությունը պահանջում է վերանայել տնտեսական փոխգործակցության սկզբունքներն ու գործիքները։ Այս պայմաններում մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք ԵԱՏՄ-ի լիարժեք գործուենության ապահովման համար՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների եւ բիզնեսի։

Ցանկանում եմ ընդգծել ԵԱՏՄ շրջանակում մինչեւ 2030թ. տնտեսական գործընթացների հետագա զարգացման Հռչակագրի  եւ մինչեւ 2045թ.  շրջանի համար «Եվրասիական տնտեսական ուղու» նշանակալիությունը, որը ձեւակերպել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները։

Ընթացիկ տարում մեր առջեւ կանգնած է կարեւոր խնդիր՝ Միջոցառումների պլանի մշակումը, որը կբացահայտի Հռչակագրի իրականացման կոնկրետ մեխանիզմները, ինչն էլ հիմնականում կկանխորոշի ԵԱՏՄ ռազմավարական զարգացումը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության տարում, մասնավորապես, կցանկանայի ուշադրություն հրավիրել ԵԱՏՄ-ի համար կարեւոր մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտության վրա։

Գերակա ուղղություններից մեկը էներգետիկ անվտանգության ապահովումն է։ Էլեկտրաէներգիայի եւ էներգառեսուրսների ընդհանուր շուկաների արագացված ձեւավորումը՝ գործունեության ոչ խտրական սկզբունքներով, պետք է դառնա տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովման հիմքերից մեկը ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար։

Գլոբալ տնտեսական մարտահրավերների եւ մեր երկրների ագրոարդյունաբերական համալիրի առկա զգալի պոտենցիալի պայմաններում կարեւոր նշանակություն եմ տալիս ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովմանը։

Բնակչության համար որակյալ եւ անվտանգ պարենամթերքների կայուն հասանելիության ապահովումը ԵԱՏՄ անդամ պետությունների կայուն տնտեսական եւ սոցիալական զարգացման կարեւոր բաղադրիչն է։ Անհրաժեշտ եմ համարում շարունակել ավելի կառուցակցված եւ առարկայական օրակարգի մշակման աշխատանքը, որը կհենվի գերակա պարենի մատակարարումների սկզբունքի վրա՝ պոտենցիալ ճգնաժամերի պայմաններում։

Տնտեսական փոխգործակցության կարեւոր տարր է տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը։ Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը եւ արդիականացումը, մաքսային ընթացակարգերի կատարելագործումը եւ արդյունավետ լոգիստիկ շղթաների ստեղծումը կնպաստի ապրանքների եւ ծառայությունների փոխանակման արագացմանը, առաքման ժամանակի կրճատմանը, ծախսերի նվազմանը, շուկաների հասանելիության բարձրացմանը։

Պետք է առավելագույն չափով գործադրել ԵԱՏՄ տարանցման պոտենցիալը եւ  աշխարհագրական դիրքի հնարավորությունները արտաքին շուկաներ դուրս գալու համար, որոնք ներկա փուլում առայժմ անբավարար են օգտագործվում անդամ պետությունների կողմից։ Անհրաժեշտ է գործադրել լրացուցիչ ջանքեր եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման եւ երրորդ երկրներ ապրանքների արտահանման համար, առավելագույն չափով գործադրել միջազգային կազմակերպությունների եւ զարգացման միջազգային ինստիտուտների հետ հարաբերությունների պոտենցիալը։

Այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» հեռանկարային նախագծի հաջող իրականացումը, որն առաջարկում է Հայաստանի Հանրապետությունը, նշանակալի դեր կխաղա եվրասիական միջազգային տրանսպորտային երթուղիներով տարանցիկ փոխադրումների ապահովման նշված նպատակներին հասնելու համար։

«Խաղաղության խաչմերուկը» կարող է կապել մեր տարածաշրջանի երկրներին ավտո- եւ երկաթուղային ճանապարհներով, մալուխներով, գազատարներով եւ էլեկտրահաղորդագծերով։

Սկզբունքորեն կարեւոր եմ համարում վստահության մակարդակի ամրապնդումը։ Ցանկալի արդյունքներին հասնելու համար անհրաժեշտ է կատարելագործել մաքսային կարգավորումը՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան, մաքսային եւ պետական վերահսկողության այլ միջոցները նվազագույնի հասցնելը այն ապրանքների հանդեպ, որոնք բերվում են անդամ պետությունների կողմից ԵԱՏՄ մաքսային տարածքով, մաքսային տարանցման միասնական համակարգի ներդրումն ու զարգացումը։

Պարտադիր գերակայություն է առկա պատնեշների լիակատար վերացումը փոխադարձ առեւտրում։ Մենք պետք է  նաեւ ուշադրություն հատկացնենք այն խնդրահարույց իրավիճակներին, որոնք չեն որակվում որպես խոչընդոտ, բայց բացասական ազդեցություն են գործում ներքին շուկայի վրա։ Միեւնույն ժամանակ, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի առանձին դրույթներ թույլ են տալիս անդամ պետություններին միակողմանի սահմանափակիչ միջոցներ մտցնել, որոնք հանգեցնում են ԵԱՏՄ ներքին շուկայի կոռոզիայի եւ դժվար կանխատեսելի պայմանների ձեւավորման բիզնեսի ներկայացուցիչների համար։ Կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի 29-րդ հոդվածը դոգմատիկ է եւ ժամանակակից իրողություններին եւ տնտեսական գործուենության պայմաններին հարմարեցվելու կարիք ունի։

ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը ստեղծում է որոշակի դժվարություններ եւ տնտեսական վնասներ Հայաստանի Հանրապետության համար։ Մի կողմից՝ դա մարտահրավեր է  Հայաստանի, մյուս կողմից՝ հնարավորություն ԵԱՏՄ-ի համար։ Եթե մեզ հաջողվի ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ ապահովել տրանսպորտային, տարանցիկ եւ վարչական կապվածություն, մենք հնարավորություն կունենանք խորացնել հարաբերությունները շահագրգիռ երրորդ երկրների հետ, ինչը բազային անհրաժեշտություն է ԵԱՏՄ ապագա զարգացման եւ ամրապնդման համար։

Երբ մենք խոսում ենք հետագա տնտեսական փոխգործակցության հրամայականի մասին՝ հասարակության բարեկեցության ապահովման համար, անհրաժեշտ է  հաշվի առնել այն կարեւոր դերը, որը տրված է թվայնացմանը, ինչը դառնում է ԵԱՏՄ տնտեսական զարգացման կարեւոր շարժիչ ուժը։

Ավելի արդիական է դառնում ԵԱՏՄ ինֆորմացիոն ինտեգրված համակարգի վերափոխման հարցը։ Ռազմավարական փաստաթղթերում արդեն նշված են պլատֆորմային որոշումների անցման անհրաժեշտ քայլերը։ Այս համատեքստում կարեւոր է հստակ որոշել վերազգային կարգավորող մարմնի դերը։ Խոչընդոտներ չեմ տեսնում այն հարցում, որ «մասշտաբային նախագի «հավաքակետ» դառնա Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

Հայաստանի Հանրապետությունը կարեւոր նշանակություն է տալիս նաեւ առեւտրում ազգային արժույթների բաժնի ավելացման հարցին։

Տնտեսական շահերի առաջմղման համար հատուկ կարեւորություն եմ տալիս ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը։ Դիտորդ պետությունների ներգրավումը համատեղ նախագծերի իրականացմանը, փոխշահավետ համագործակցությունը շահագրգիռ երրորդ երկրների, տարածաշրջանային եւ միաջզգային կազմակերպությունների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մեր ստանձնած պարտավորոթյունների պահպանմամբ, ոչ միայն կնպաստի փոխադարձ առեւտրի ընդլայնմանը, այլեւ կբարձրացնի մեր երկրների ներդրումային գրավչությունը։

Հայաստանի Հանրապետությունն այդ թվում իր աշխարհագրական դիրքից ելնելով՝ հատուկ նշանակություն  է տալիս Իրանի հետ լիաչափ համաձայնագրի հետագա գործնական իրականացմանը։ Իրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը ցայտուն ցուցադրում է իրանական շուկայի գրավչությունը եւ համագործակցության հետագա խորացման հեռանկարայնությունը։

Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Ինդոնեզիայի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը շուտով թույլ կտա դուրս գալ եզրափակիչ փուլ եւ նոր խթան կհանդիսանա համաշխարհային տնտեսությանը ԵԱՏՄ-ի ինտեգրման համար։

Ողջունում եմ նաեւ Հնդկաստանի հետ տնտեսական օրակարգի եւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման համալիր երկխոսության զարգացումը, աշխատանքների շարունակումը այնպիսի գերակա եւ հեռանկարային ուղղություններում, ինչպիսին են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը եւ  Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը։

Միության արդյունավետ զարգացման կարեւոր բաղադրիչներից է համակարգային եւ նպատակաուղղված աշխատանքը՝ նրա ինստիտուցիոնալ եւ կազմակերպչա-իրավական հիմքերի մշտական կատարելագործման համար՝ բացթողումների եւ ծագող խնդիրների օպերատիվ լուծման իրավակիրառ գործունեության նոր մեխանիզմների մշակման նպատակով։ ԵԱՏՄ անդամ պետությունների հարկատուներիը պետք է տեսնեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության շոշափելի արդյունքները եւ զգան փոխգործակցության եւ տնտեսական համագործակցության առավելությունները։

Նշված նախաձեռնությունների լիարժեք իրականացման համար կարեւոր նշանակություն ունի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունավետ եւ հարթ աշխատանքը։

Այս առնչությամբ անհրաժեշտ եմ համարում բարձրացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը, այդ թվում պրոֆեսիոնալ կադրային կազմի ընտրության եւ ֆունկցիոնալի մշտական կատարելագործման ուղիով։

Համոզված եմ, որ ԵԱՏՄ շրջանակում իրավահավասար համագործակցության զարգացումը վերջնարդյունքում պետք է ծառայի հարմարավետ պայմանների ստեղծմանը բիզնես վարելու եւ մարդկային պոտենցիալի լիարժեք իրականացման համար։ Ակնկալում եմ ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցությունը եւ աջակցությունը 2024թ. հայկական նախագահության նախաձեռնության գործնական իրականացման գործում»։

Spread the love