Սուրբ Սարգսի տոնի առթիվ պարգևատրվեցին 20 գնդերեցներ, ովքեր ծառայում են Հայաստանի սահմանամերձ զորամասերում

Հունվարի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ Սուրբ Սարգսի տոնի առթիվ ավանդական դարձած պարգևատրման արարողությունը: Հայտնում են Արարատյան հայրապետական թեմի մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Մովսես վարդապես Սարգսյանը,ԱրարատյանՀայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Նարեկ Աշուղաթոյանը, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Հակոբ Մանուկյանը,  գնդերեցներ,  երիտասարդներ։

Նավասարդ Սրբազանի նախագահությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը։

Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի տոնի առթիվ պարգևատրեց ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդության 20 գնդերեցներին, ովքեր ծառայում են Հայաստանի սահմանամերձ զորամասերում եւ աչքի են ընկել իրենց նվիրյալ ծառայությամբ։

Սուրբ Սարգսի տոնի առթիվ Հայոց բանակի զինվորականների պարգեւատրման արարողությունն Արարատյան Հայրապետական թեմում իրականացվում է 2016թ․–ից՝ Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ:

Դիմելով հավաքվածներին՝ Նավասարդ Սրբազանը մասնավորաբար ասաց. «Սիրելինե՛ր, այսօր ամենքիս համար սիրելի դարձած արագահաս Սուրբ Սարգիս Զորավարի տոնն է, ով  իր վարքով և նահատակությամբ դարձավ քրիստոնեության անմար ջահն ու անկոտրուն հավատքի քարոզիչը: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այս օրը  հռչակված  է երիտասարդների օրհնության օր:

Սուրբ Սարգիս Զորավարը  մեր Տիրոջ աննկուն ու անվախ վկան էր: «Իսկ երանելի վկայն Քրիստոսի զօրանայր ի Սուրբ Հոգւոյն. զի զերանութեանցն առնոյր զշնորհս ողորմութեան. որ է զէն յուսոյ վահան հաւատոյ» (հատված «Զինաւորն Քրիստոսի» շարականից): Նա նահատակությա՛մբ վկայեց իր հավատքն ու սերն առ Աստված:  Սուրբ Զորավարի օրինակով անմահացան նաև որդի Մարտիրոսը և նրա 14 մարտակից ընկերները: Նրանք մարտիրոսությամբ ուղենշեցին հավիտենական կյանքին հասնելու փառավոր ճանապարհը:

Վաղը՝ հունվարի 28-ին, ազգովի նշելու ենք հայոց բանակի 32-ամյա տարեդարձը: Հայրենյաց պաշտպան զինվորների կողքին իրենց քաջագործություններով և նահատակությամբ հայտնի են նաև Հայ Եկեղեցու գնդերեցները: Այս պահին, ի ուրախություն ամենքիս, մեր կողքին են նրանցից  քսանը:

Սիրելի՛ գնդերեցներ, հոգևո՛ր սպասավորներ Հայոց բանակի, եկեղեցականների ծառայական կյանքը զինվորություն է՝ Աստծո սպառազինությամբ, հավատի վահանով, փրկության սաղավարտով ու Հոգու սուսերով, որ Աստծո Խոսքն է… «…մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող….» (Մատթեոս 10:28):

Մեր երախտիքն ենք բերում ձեզ՝ ձեր ամենօրյա նվիրական և արգասաբեր ծառայությամբ հայոց բանակի անդաստաններում քրիստոնեական հավատքը, հայրենապաշտության զգացումը և աննկուն պայքարի ոգին  մշտանորոգ պահելու համար: Այս ենք պատգամում ձեզ, որդյակնե՛ր,  սիրեցե՛ք Աստծուն, հայրենին և մերձավորին,  քանզի «Սիրո՛ ուժն է անհաղթ»:

Մեր և ձեր աղոթքներով  թող Բարեգութ  և Ողորմած Աստված հանապազ զորակից և մարտակից լինի Հայոց բանակին: Թող Աստծո սպառազինությամբ և Սուրբ Զորավարի բարեխոսությամբ կարող դառնաք  առատ հունձքով արդյունավորել ձեր նվիրական առաքելությունը՝  ի զորացումն Հայոց առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու և ի միաբանություն հայ ազգի:

Ո՜վ Քրիստոսի երանելի վկա սուրբ Սարգիս, բարեխո՛ս Քրիստոսի, թող ազգովի համախո՛ւմբ դառնանք քո սրբարար մասունքից ճառագող զորությամբ և  կերտե՛նք  պատվարժան ու ազգաշահ հաղթանակներ: Ամեն»:

Պարգեւատրվող զինվորների անունից շնորհակալության խոսք ասաց ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդության գնդերեց Արժանապատիվ Տեր Դանիել քահանա Մկրտչյանը։

Հանդիսության ընթացքում իրենց գեղեցիկ կատարումներով հանդցես եկան Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը (գեղ. ղեկավար՝ Լիլիթ Գրիգորյան)  և առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը:

Միջոցառման ավարտին Նավասարդ Սրբազանը Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին՝ բարի ու խաղաղ ծառայություն մաղթելով գնդերեցներին ու զինծառայողներին։

Spread the love