Այսօր հեռուստաեթերում գրեթե ռուսական բովանդակություն չկա. 6-7 տարի առաջ 70-80 տոկոսը ռուսական էր. Տիգրան Հակոբյան

Անցյալ տարի դարձանք միջերկրածովյան երկրների կարգավորող մարմինների հարթակի անդամ: Մենք միակ երկիրն ենք, որ սահման չունենալով Միջերկրական ծովի հետ, այդ հարթակի անդամ ենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Ոչ միայն դարձանք այդ հարթակի անդամ, այլեւ Հայաստանն ընտրվեց այդ հարթակի փոխնախագահ եւ այս տարվա հոկտեմբերին այդ կառույցի ժողովը  կանցնի Հայաստանում: Նաեւ նախանցյալ տարի դարձել ենք ֆրոնկոֆոն երկրների կարգավորող մարմինների հարթակի անդամ»,-ասաց նա:

Տիգրն Հակոբյանը տեղեկացրեց, որ բավականին մեծացել է հայերենով հաղորդումների ծավալը եթերում. «Մենք գիտենք դժգոհությունը, որ օտար լեզուներով, հատկապես ռուսերենով շատ են հաղորդումները, բայց ամեն ինչը պետք է նայել զարգացման մեջ: Եթե հետեւեք հանրապետական եւ մայրաքաղաքային ծածկույթ ունեցող հեռուստաընկերություններին, կտեսնեք, որ այնտեղ գրեթե ռուսական բովանդակություն չկա: 6-7 տարի առաջ մինչեւ 70-80 տոկոս բովանդակությունը, բոլոր ֆիլմերը, հաղորդումների մծ մասը, նույնիսկ հարցազրույցները ռուսերենով էին:

Մենք գտնում ենք, որ որպես Հայաստանի լեզվական անվտանգությունն ապահովող բավականին մեծ քայլեր ենք արել»,-ասաց նա:

Spread the love