2023 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է և ամսվա վերջի դրությամբ կազմել -0,6։ Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։
Նա հավելեց, որ 12-ամսյա բնական գնաճը նույնպես նվազել է՝ հասնելով -0,4-ի։
«Չորրորդ եռամսյակում շարունակվել է բարձր տնտեսական ակտիվությունը՝ պայմանավորված շինարարության և ծառայությունների աճով։ Տարեվերջին զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է աճի տեմպի դանդաղում:
Ներքին պահանջարկը մնում է բարձր, իսկ գնաճային միջավայրը՝ ցածր։ Սպասվում է թույլ արտաքին գնանկումային ազդեցություն տնտեսության վրա։
Գնաճը որոշ ժամանակով կլինի նպատակայինից ցածր, այնուհետև կաճի և միջնաժամկետ կտրվածքով կկայունանա նպատակային 4%-ի վրա»,- նշեց Գալստյանը։