Եթե համեմատենք Ադրբեջանով և Հայաստանով անցնող դեպի Սև ծով երթուղիները, ապա կտեսնենք, որ այդ երթուղին Հայաստանի տարածքով կարելի է անցնել երկու օր ավելի շուտ։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների եւ փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Հայաստանով անցնող ճանապարհի գրավչությունն էլ ավելի բարձրացնելու համար անհրաժեշտ է ազատականացնել օրենքները, նվազեցնել մաքսատուրքերը, կառուցել նոր ճանապարհներ կամ բարելավել գոյություն ունեցողները, հավելել է դիվանագետը։
Նա նշեց, որ առաջիկայում նախատեսվում է անցկացնել երկու երկրների պատվիրակությունների հանդիպում, որոնք կաշխատեն այս ուղղությամբ։
«Իրանի համար Հայաստանը դեպի հյուսիս և Սև ծով ելքի համար լավագույն ուղղությունն է։ Իսկ Հայաստանի համար Իրանը նաև դեպի հարավ՝ նույն Չաբահար նավահանգիստ ելքի համար լավագույն ուղղությունն է»,- հավելեց դեսպանը։
Նա նշեց, որ Երեւանից հարավ ճանապարհի հատվածում (Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում- խմբ.) դեռ աշխատելու բաներ կան։
«Ագարակ-Քաջարան ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի կառուցման պայմանագիր է կնքվել։ Փետրվարի վերջին նախատեսվում է անցնել այս ծրագրի իրականացման գործնական քայլերի։ Այս ճանապարհն ապրանքաշրջանառության ավելացման համար ամենակարևոր գործոնն է»,- հավելել է Մեհդի Սոբհանին։
Միաժամանակ նա ասաց, որ Հայաստանի ճանապարհի հարավային հատվածը ռելիեֆային հետազոտության կարիք ունի՝ հաշվի առնելով, որ խոսքը լեռնային երկրի մասին է։
«Եթե ճանապարհը կառուցվի, դա տարածաշրջանի համար տրանսպորտային առումով հեղափոխական իրադարձություն կլինի»,- եզրափակեց դեսպանը։