Պարենային անվտանգության ապահովումը պետական քաղաքականության գերակա ուղղությունն է, քանի որ ընդգրկում է ազգային, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական եւ բնապահպանական գործոնների լայն շրջանակ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պետության պարենային անվտանգության աստիճանը կախված է գյուղատնտեսական արտադրության բազային ներուժից։ Պարենային անվտանգության ապահովման բնագավառում ագրարային քաղաքականությունը պետք է ուղղված լինի հայրենական գյուղատնտեսական արտադրողին օգնություն ցուցաբերելուն՝ պետական հովանավորչության ռազմավարության օգտագործմամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարենային անվտանգությունն ապահովելու համար նրանց սպառած սննդի գերակշիռ մասը պետք է արտադրվի սեփական գյուղատնտեսության ոլորտում։ Իրերի իրական վիճակը այսօր վկայում է մեր երկրում պարենային անվտանգության լուրջ խնդիրների մասին: Դա պայմանավորված է ազգային տնտեսության բոլոր ոլորտներում առկա համակարգային ճգնաժամով և անկմամբ։
Անցած շաբաթ գործընկերներիս հետ Շիրակի մարզում էինք։ Ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, վերջիններս իրենց մտահոգությունը հայտնեցին դիզվառելիքի և պարարտանյութի բարձր գների, առաջիկա ոռոգման սեզոնին ժամանակին ջուր ունենալու, հացահատիկի և կարտոֆիլի մթերման ցածր գների հետ կապված։
2022 թվականի բերքահավաքի ժամանակ հացահատիկի գինը 165-175 դրամ մեկ կիլոգրամի համար։
2023 թվականի բերքահավաքի ժամանակ հացահատիկի կիլոգրամն արդեն արժեր 70-80 դրամ։
2021 թվականին Հայաստանը սպառել է 367 հազար տոննա ցորեն, որից միայն 97 հազար տոննան է աճեցվել տեղում։ Մնացածը ներմուծվել է՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից։
Նույն տխուր վիճակագրությունը շարունակվել է անցած տարիների ընթացքում։
Ցորենի և մի շարք այլ մշակաբույսերի ինքնաբավության մակարդակը մեր հանրապետությունում շարունակում է ցածր մնալ:
Պետական լուրջ աջակցության բացակայության, մթերման ցածր գների պատճառով շատերը մեծ վնասներ են կրել և լիովին տրամաբանական է, որ Շիրակի մարզում կրճատվում են ցորենի ցանքատարածությունները:
Գյուղացիներին թողնելով մեն մենակ բազմաթիվ խնդիրների ու հոգսերի հետ,տպավորություն է ստեղծվում,որ իշխանությունները կարծես միտումնավոր ամեն ինչ անում են, որպեսզի արժեզրկեն հայկական արտադրանքը, ոչնչացնեն ազգային գյուղատնտեսությունը։
Ոլորտի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ամրապնդել և զարգացնել գյուղոլորտում արտադրողների ներուժը, ինչը կնպաստի պարենային անվտանգության համակարգերի ստեղծմանը:
Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ, կոչ եմ անում համապատասխան գերատեսչություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել բարձրացրած խնդիրները լուծելու համար։
Գյուղացին ամեն րոպե պետք է զգա պետության աջակցությունը։
Մեր երկրի պարենային անվտանգությունն անմիջապես փոխկապակցված է ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների բարեկեցության հետ։