Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ղեկավարի Անկարա այցի ընթացքում կքննարկեն Ուկրաինայի պատերազմը և հացահատիկի գործարքը, երեքշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է Reuters-ը։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարարը չի նշել ՌԴ նախագահի այցի ժամկետը։
Անցյալ շաբաթ թուրք պաշտոնյան Reuters-ին հայտնել էր, որ Պուտինը Թուրքիա կայցելի փետրվարի 12-ին։
Մալթայի մայրաքաղաք Վալետայում կայացած մամուլի ասուլիսում Ֆիդանը ասել է, որ Թուրքիան աշխատում է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ՝ համաձայնագիրը վերակենդանացնելու ուղղությամբ:
Նա ասել է, որ Անկարան գնահատում է «մշտական, կանոնավոր» երկխոսությունը Մոսկվայի հետ մի շարք հարցերի շուրջ՝ սկսած էներգետիկայից մինչև Սիրիայում, Լիբիայում և Հարավային Կովկասում տարածաշրջանային հակամարտությունների շուրջ քաղաքական տարաձայնությունները:
«Մենք միշտ աջակցել ենք և կշարունակենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն պատերազմի կործանարար ազդեցությունը նույնպես պետք է ինչ-որ կերպ վերջանա», – ասել է Ֆիդանը։
Անկարան փորձում է համոզել Ռուսաստանին վերադառնալ այսպես կոչված հացահատիկի գործարքին, որը կնքվել է Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ, որը պատերազմի ընթացքում ապահովել է ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանումը Սև ծովով: Ռուսաստանը դուրս եկավ համաձայնագրից 2023 թվականի հուլիսին և հայտարարեց, որ շահագրգռված չէ դրա վերսկսմամբ։