Բելառուսում զինվորականներն իրավունք են ստացել զենք կիրառել քաղաքացիների դեմ։ Այս մասին տեղեկացրել է «Беларускі Гаюн» խումբը։
Բելառուսի նախագահը, մասնավորապես, կարգադրել է փոխել Զինված ուժերի ներքին կանոնադրության 11-րդ հոդվածը։ Այժմ զինծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ եւ զենք կիրառել քաղաքացիների դեմ։ Քաղաքացու վիրավորվելու կամ մահվան դեպքում անմիջապես տեղեկացվում է դատախազին, ինչպես նաեւ նախաքննության մարմնին, բայց զինծառայողը պատասխանատվություն չի կրում պատճառած վնասի համար, եթե զենքը կիրառվել է «համազորային կանոնների պահանջներին համապատասխան», նշվել է փաստաթղթում։
Ինչպես նշել է «Беларускі Гаюн»-ը, մինչ այժմ կանոնադրությունում գրված էր, որ «զինծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի, մարտական եւ հատուկ տեխնիկայի կիրառումը՝ լիազորությունների չարաշահմամբ, ենթարկվում է պատասխանատվության, որը նախատեսված է օրենսդրական ակտերով»։
2020թ. օգոստոսի նախագահական ընտրություններից հետո ուժայինները դաժանաբար ճնշում էին Բելառուսում ծագող բողոքները։ Առավել մեծ աղմուկ առաջացրին Ռոման Բոնդարենկոյի սպանությունը, որը մահացավ ուժայինների երկարատեւ ծեծից հետո, եւ Ալեքսանդր Տարայկովսկու եւ Գենադի Շուտովի մահը, որոնց սպանեցին Մինսկում եւ Բրեստում խաղաղ ցույցերի ժամանակ։
Շուտովի մահվան փաստով քրեական գործ այդպես էլ չհարուցվեց, շուտով ինքը՝ զոհվածը, եւ նրա ընկեր Ալեքսանդր Կորդյուկովը դարձան մեղադրյալներ, նրանց վերագրվում էր ուժային կառույցների ներկայացուցիչների սպանության փորձ։ Արդյունքում՝ Շուտովը մեղավոր ճանաչվեց՝ առանց պատժի նշանակման, իսկ Կորդյուկովը, որն իր ընկերոջ դեմ արձակված կրակոցի վկան էր, դատապարտվեց 10 տարվա ազատազրկման ուժեղացված ռեժիմի գաղութում։
Բելառուսում բողոքների ամբողջ ընթացքում, իրավապաշտպանների տվյալներով, ձերբակալվել է ավելի քան 25 հազար մարդ, որոնցից շատերը վնասվածքներ են ստացել ձերբակալության ժամանակ, ենթարկվել են կտտանքների եւ ծաղրուծանակի։ Մի քանի մարդիկ մահացել են։ Մի քանի հազար մարդ հայտնվել է բանտերում տարբեր մեղադրանքներով՝ կապված բողոքների հետ, եւ առ այսօր բանտում է։ Բողոքների դաժան ճնշման եւ ընտրությունների կեղծարարությունների հետ կապված՝ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պատժամիջոցներ են մտցրել բելառուս պաշտոնյաների եւ մի շարք ձեռնարկությունների դեմ։