Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում որոշեց Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդու սեփականություն հանդիսացող հողամասը, որը դատարանի վճռով անցել է պետությանը, ամրացնել ՏԿԵ նախարարության պետգույքի կառավարման կոմիտեին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ տեղեկացնելով, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված վճռով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել Հակոբ Կովալենկոյի Շահգալդյանի անվամբ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի Հին գյուղ թաղամաս 59 հասցեում գտնվող 2,4993 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Հողամասի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը: Ներկայացված նախագծով առաջարկվում է հողամասն ամրացնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
Հիշեցնենք, որ Կովալենկո Շահգադյանը երկար տարիներ զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը: