Արարատի համայնքապետարանը պարզաբանում է տարածել հերոսների նկարները հեռացնելու վերաբերյալ

Արարատ քաղաքի երկկողմանի փողոցից և կենտրոնական հրապարակի հարակից տարածքից հերոսների նկարները հեռացվել են, քանի որ գտնվում էին շատ վատ վիճակում և այլևս ենթակա չէին վերականգման: Այս մասին պարզաբանում է տարածել Արարատի համայնքապետարանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, որ Արարատում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները:

«Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկությունների, որ Արարատ քաղաքի երկկողմանի փողոցից և կենտրոնական հրապարակի հարակից տարածքից հեռացվել են հերոսների նկարները՝ պարզաբանում ենք.

Վերոնշյալ վայրերում տեղակայված նկարները, որոնք պատրաստված էին պաստառից՝ արդեն վաղուց վնասվել էին քամու, անձրևի և փոշու հետևանքով, գտնվում էին շատ վատ վիճակում և այլևս ենթակա չէին վերականգման։ Ելնելով վերոգրյալից , որ տարածքը անընդհատ գտնվում էր նաև մեքենաների ջրային և այլ արտանետումների տարածքում՝ համայնքապետարանի կողմից նախատեսվում է հատկացնել նոր տարածք հերոսների նկարների համար՝ զերծ մնալու համար վերոնշյալ բոլոր խանգարող հանգամանքներից։

Նշենք նաև, որ նկարները տեղանքից հեռացվել էին դեռևս մեկ տարի առաջ։

Եվս մեկ անգամ հանրությանը կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկություններ տարածելուց»,-ասվում է պարզաբանման մեջ։

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը հայտնել էր քաղաքի կենտրոնում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները։

Spread the love