ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՍԱՀԱՅԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ

progressarmenia.com -ին  այսօր Բյուրականի աստղադիտարանից փոխանցում են, որ   աստղադիտարանում հերթական սեմինարով այսօր հանդես է  եկել ԲԱ «Աստղաքիմիա, աստղակենսաբանություն և արտարեգակնային մոլորակներ» ԳՀ բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող, ֆմգդ Արարատ Եղիկյանը։ Զեկուցման թեման էր «Աստղառաջացման տիրույթներ: գերմանուշակագույն և ռենտգենյան ճառագայթմամբ գերիշխող տիրույթների աստղաքիմիա»-ն։

Ա․ Եղիկյանն իր զեկույցում ներկայացրեց մի շրջահայություն, որը նվիրված է աստղաառաջացման տիրույթներում դիտվող ֆոտոդիսոցիացման տիրույթների (այսուհետև՝ PDR) առանձնահատկություններին: Նա ներկայացրել է նաև PDRTPY և KOSMAτ3D համակարգչային փաթեթները՝ այդ տիրույթների տեսական մոդելները հաշվարկելու, ինչպես նաև դիտումների հետ համեմատելու համար: Քննարկվող հոդվածներում վերլուծվել են PDR տիրույթների տեսական մոդելները, որտեղ ցույց է տրվել, որ այդտեղ որոշիչ պարամետրեր են ճառագայթման դաշտը 6-13.6 էՎ դիապազոնում և ամպի խտությունը, ինչպես նաև իրականացված է դրա քարտեզը հայտնի ենթակարմիր և ենթամիլիմետրանոց ալիքներում:

Աստղադիտարանի փոխանցմամբ սեմինարի շրջանակներում Ա․ Եղիկյանը խոսել է նաև XDR (գերիշխող ռենտգենյան ճառագայթմամբ) տիրույթների մասին: Ամպի խտությունը մոդելներում կարելի է ընդունել հաստատուն կամ անհամասեռ, և այդ դեպքում խտացման զանգվածը կարելի է տալ անկախ ձևով: PDR տիրույթների մոդելները հաշվարկվում են համակարգչային Պիթոն 3 ծրագրային փաթեթով՝ հաշվի առնելով կարևոր աստղաքիմիական երևույթները, ընդ որում՝ ջերմային հաշվեկշիռը գազի և փոշու համար իրականացվում է էներգիայի մուտքի և սպառման բոլոր հնարավոր եղանակների համեմատությամբ: Բերված են մոդելների 2D քարտեզների օրինակներ [ОI]145 և [CII]158μ գծերում, ինչպես նաև՝ մոլեկուլային ջրածնի ենթամիլիմետրանոց կարևոր գծերում: Մոդելների հաշվարկների արդյունքները մատչելի են ԵԿ և ենթամիլիմետրանոց դիտումների հետ համեմատելու համար բոլոր այն տիրույթներում, որոնց համար առկա են դիտողական տվյալները (Spitzer, Hershell ALMA, etc.): Մոդելները ուղղակիորեն համեմատվում են դիտումների հետ, որոնց համար PDRTPY(KOSMA) փաթեթում առկա է FITS ֆայլերով հավաքված արխիվային տվյալների շտեմարան: Համաձայն Ա․ Եղիկյանի՝ այդ արխիվը կարելի է համալրել այլ, այդ թվում նաև նոր դիտումների FITS ֆայլերով:

Հ.Գ. Ա․ Եղիկյանը նշել է , որ հաշվարկված մոդելների համեմատումը դիտումների հետ թույլ է տալիս նաև տարբերել PDRs և XDR տիրույթները: Այս ամենը կարող է օգտակար լինել մյուս բոլոր գիտաշխատողների հետազոտական աշխատանքի համար։

Լրատվություն

 

Spread the love