ՀԱՄԱՍ արմատական շարժման վրա միայն ռազմական ճնշման շարունակումը Գազայի հատվածում կարող է ապահովել պաղեստինյան անկլավում պահվող բոլոր պատանդների ազատ արձակումը։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով բանակի կողմից Ռաֆահի գործողության ընթացքում 2023թ. հոկտեմբերի 7-ին առեւանգված երկու մարդկանց ազատումը։
«Ես ողջունում եմ մեր քաջ զինվորներին համարձակ գործողությունների համար, որոնք հանգեցրին նրանց ազատմանը։ Միայն ռազմական ճնշման շարունակումը մինչեւ լիակատար հաղթանակ կհանգեցնի բոլոր առեւանգվածների ազատմանը»,- գրել է Նեթանյահուն X-ում։
Երկուշաբթի ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Ռաֆահում հատուկ գործողության ընթացքում ազատ են արձակվել իսրայելցի երկու պատանդներ՝ 60-ամյա Ֆերնանդո Սիմոն Մարմանը եւ 70-ամյա Լուիս Խարը, որոնք առեւանգվել էին ՀԱՄԱՍ-ի կողմից Նիր-Իցհակ կիբուցից։