Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որն առաջադրվում է հինգերորդ ժամկետի համար, նորից հրաժարվել է մասնակցել նախընտրական բանակռիվներին։ Նա երբեք դրանց չի մասնակցել։
Պուտինի ընտրական շտաբը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղեկացրել է անվճար հեռուստա- եւ ռադիոեթերից թեկնածուի հրաժարվելու մասին, որը հատուկ տրամադրում են բանակռիվների համար, տեղեկացրել են ԿԸՀ-ում։
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բանավեճից Պուտինի խուսափելը արդարացրել է նրա «լարված ժամանակացույցով«, որն «արմատապես տարբերում է» Պուտինին մյուս թեկնածուներից։
Պուտինը երբեք չի մասնակցել նախընտրական բանակռիվներին՝ խուսափելով դրանցից տարբեր պատրվակներով։ Տարբեր տարիների Պուտինը դրանք անվանել է «անխիղճ գործ», անհետաքրքիր եւ անիմաստ, իսկ Պեսկովն ասել է, որ բանակռիվների համար Պուտինին անհրաժեշտ են արձակուրդ եւ մրցակից, որն «առայժմ չի հասունացել»։
2024թ. նախագահի պաշտոնի մյուս հավակնորդները՝ Վլադիսլավ Դավանկովը («Նոր մարդիկ»), Լեոնիդ Սլուցկին (ՌԼԴԿ) եւ Նիկոլայ Խարիտոնովը (ՌԴԿԿ), կարծիքներ կփոխանակեն դաշնային հինգ պետական ալիքներում եւ երեք ռադիոկայաններում փետրվարի 19-ից։