Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում որոշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում կրկին առաջադրել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
«Ղեկավարվելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»,-ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Գեղամ Գևորգյանն այս կառույցը ղեկավարում է 2019 թվականի հունվարի 22–ից։ Մինչ այդ` 2018–2019 թթ., նա եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը։
Կառավարության նիստին՝ թեկնածության քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում, և ընդհանրապես երկրում մրցակցության վիճակը, առաջընթացը գնահատելու առումով անելիքներ կան, և այդ անելիքների մի մասը հանձնաժողովի, մյուս մասը Կառավարության գործունեության տիրույթում է, և որ անելիքներն առաջիկայում պետք է լինեն առաջնահերթություն:
Գեղամ Գևորգյանը հաստատեց՝ սպառողների շահերի պաշտպանությունը նոր գործիքակազմերի և կանոնակարգումների անհրաժեշտություն ունի: Նա նաև կարծիք հայտնեց, որ պետք է խորացնել գործառույթներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պետական աջակցության կարգավորումները, ինչպես նաև գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտումները:
Գեղամ Գևորգյանը հաջորդիվ իր ծրագիրը կներկայացնի Ազգային ժողովում: