Սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագիրը երկարացվեց մինչեւ 2026-ը. պետությունը կվճարի եւ մայր գումարը, եւ տոկոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում մեկ տարի ժամկետով երկարաձգեց սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը՝ մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այս պահի դրությամբ գործընկեր բանկերի կողմից (Կոնվերսբանկ, Էվոկաբան, Ամերիաբանկ Ակբաբանկ) ստացվել եւ ՄԶԾ հաստատվել է 412  շահառուի հայտ: Դրանք ըստ նմարզերի բաշխված են հետեւյալ կերպ.

Տավուշի մարզ – 239

Սյունիքի մարզ – 54

Արարատ – 50

Վայոց ձոր – 47

Գեղարքունիք – 22:

Այս 412 հայտերը գտնվում են շինարարության ամենատարբեր փուլերում: Նաեւ պոտենցիալ շահառուների թիվը այս պահի դրությամբ շատ ավելի մեծ է, քան 412-ը, որովհետեւ ունենք շատ դեպքեր, երբ քաղաքացիները շինթույլտվություններն ստացել են, բայց դեռ չեն դիմել բանկ»,-ասաց նա:

Նախարարը հստակեցրեց, որ շահառուները պետք է լինեն զագսով գրանցված ամուսիններ եւ նրանցից մեկը պարտադիր պետք է լինի ՀՀ քաղաքացի. «Նրանք ծրագրից կարող են օգտվել, եթե ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն, որը չունի ավարտական ակտ: Կա սահմանամերձ գյուղերի համար հաստատված ցանկ, շուրջ 80 գյուղեր: Շահառուն պետք է համայնքից շինթույլտվություն ունենա, ինչպես նաեւ կառուցապատման նախագիծ եւ նախահաշիվ: Ըստ ծրագրի պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչեւ 16 մլն դրամի կառուցապատման հիփոթեքի մայր գումարն ու դրա գծով առաջացող տոկոսագումարը՝ 13 տոկոս տոկոսադրույքով:

Մինչ այս պահը տրամադրվել է շուրջ 1,5 մլրդ դրամի վարկ»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով 412 շահառուի առկայությանը, ասաց. «Մենք մոտավորապես օրը մեկ տան վարկի հարց ենք լուծել: Օրը մի որոշում կայացվել է, ինչը վատ ցուցանիշ չէ: Երբ մի քանի տեղ շինարարություն սկսվեց, մենք տեսնում ենք, որ համատարած սահմանամերձգյուղերում այդ շինարարություններն իրականացվում են:

Այս ծրագրով վարկը տալիս է բանկը, բայց եւ մայր գումարը, եւ տոկոսը վճարում է կառավարությունը: Գումարը 16 մլն դրամ է: Եթե քաղաքացին ուզում է 16 մլն-ից ավելին, նա կարող է իր կողմից 1, 2 կամ 5 մլն դրամ ավելացնել: Այդ 16 մլն-ը կվճարի կառավարությունը, իսկ ավել հատվածը՝ քաղաքացին: Ծրագիրը ծավալվում է, եւ մենք բնակֆոնդի թարմացում կարող ենք ունենալ»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ ոչ բոլոր դեպքերում են վարկերը հաստատում. «Ես փորձեցի հասկանալ՝ ինչն է պատճառը. հիմնականում նման դեպքեր պատահում են վատ վարկային պատմություն ունեցող անձանց հետ: Ես հետաքրքրվեցի, որ եթե մայր գումարն էլ է կառավարությունը տալիս, ինչո՞ւ է  բանկերին հետաքրքրում այդ հանգամանքը: Դրա համար կա կոնկրետ պատճառ. խնդիրն այն է, որ բանկերը տրանշներով վարկերը տալիս են քաղաքացուն եւ եթե նրանք տեսնում են, որ քաղաքացին խաղադրույքներ կատարելու սովորություն ունի, կարող է տրանշը վերցնել եւ նպատակային չօգտագործել, ինքը խուսափում է վարկը հաստատելուց»,-ասաց վարչապետը:

Spread the love