Վահան Քերոբյանը Քննչական կոմիտեում է

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը այս պահին ՀՀ քննչական կոմիտեում է:

Ըստ տարածված լուրերի վերջինիս հրավիրել են Քննչական կոմիտե «Սիներջիի» գործով հարցաքննության:

Ավելի վաղ «Հրապարակ»-ը հայտնել էր, որ նա կանչվել է նաեւ ԱԱԾ՝ հարցաքննություն եւ նրան, հնարավոր է մեղադրանք առաջադրեն: Ինքը՝ Քերոբյանը, ՔԿ մտնելուց առաջ «Ազատությանը» հայտնել է, որ մեղադրյալ չէ և դեռ չի հարցաքննվել:

Վահան Քերոբյանը երեկ ազատվեց նախարարի պաշտոնից։ Իրավապահների գործողություններից կառավարության նիստում հրապարակավ դժգոհած Քերոբյանն երեկ հայտնել էր, որ լքում է պաշտոնը՝ հրաժարվելով խոսել պատճառների մասին։

Երկու շաբաթ առաջ Քննչական կոմիտեն հայտարարեց Էկոնոմիկայի նախարարությունում աղմկահարույց բացահայտումների մասին, քրեական հետապնդում հարուցվեց նույն օրը էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանի ու ևս 4 պաշտոնատար անձի նկատմամբ։ Քննչական կոմիտեում 2 վարույթ է հարուցվել։

Ըստ ՔԿ-ի՝ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։ Արդյունքում նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների անհիմն փոխհատուցվել է ընդհանուր շուրջ 238 մլն դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։

Անի Իսպիրյանն այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Մեկ այլ վարույթով պարզվել է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք գնումների մրցույթում ընկերության հաղթանակն ապահովելու համար մյուս մասնակից ընկերության համար ստեղծել են  իբր անհնար դարձնող պայմաններ ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Նշված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 4-ը՝ պաշտոնատար անձինք։

Օրեր անց Քերոբյանը կառավարության նիստում հայտարարեց՝ չապացուցված մեղադրանքի համար պաշտոնյաների ազատազրկումը պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում։

Spread the love