Մենք ԵՄ-ին դիտարկում ենք որպես մեր անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևոր գործընկեր. ԱԽ քարտուղար

Վերջին երկու տարում ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինտենսիվ ընդլայնվում են: Եթե նախկինում ԵՄ-ի հետ օրակարգը ձևավորվում էր հիմնականում տնտեսական համագործակցության և ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնվել և իր մեջ ներառել է անվտանգությունը որպես համագործակցության կարևոր ուղղություն: Այսօր՝ փետրվարի 21-ին, Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության առաջին տարելիցի միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նաեւ ընդգծել է. «Մենք ԵՄ-ին և անդամ պետություններին դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևոր գործընկերներ:

Ցանկանում եմ նաև նշել, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ-ի հետ համագործակցության կարևոր օղակներից մեկը: Այն նոր մակարդակի է բարձրացրել Երևան-Բրյուսել հարաբերությունները և, ինչպես հաճախ նշում ենք դրական ազդեցություն է ունեցել ԵՄ-ի մասին Հայաստանի հանրության կարծիքի ձևավորման վրա։ Իհարկե առաքելության մանդատը չի փոխելու հանրային կարծիքը ԵՄ վերաբերյալ, բայց միանշանակ է, որ առաքելությունն իր ամենօրյա աշխատանքով, համայնքներ այցելելով և տեսանելի գործունեությամբ հանրության մեջ դրական կարծիք է ձևավորել ԵՄ նկատմամբ:

Մենք Եվրոպական միության հետ կիսում ենք նույն ժողովրդավարական արժեքները և ուրախ ենք արձանագրել, որ ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը ներառել է նաև անվտանգության ոլորտը»:

Spread the love