Ադրբեջանի արտգործնախարարը մեղադրել է ԵՄ-ին եւ Ֆրանսիային «սրացման» եւ «հրահրման» մեջ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրել է ԵՄ-ին եւ Ֆրանսիային մասնավորապես «սրացման» եւ «հրահրման» մեջ։

«Սահմանին ԵՄ առաքելության գործողությունները, արեւմտյան տարբեր դիվանագետների ժամանումը սահման՝ առանց այնտեղ որեւէ լարվածության առկայության, այս ամենը հանգեցրել է այն բանին, որ հարցը մշտապես եղել է օրակարգում, եւ այն ներկայացրել են որպես լարվածություն»,- ասել է Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում, տեղեկացրել է APA-ն։

«Դրա օրինակն է Ադրբեջանի սահմանի խախտումը այդ առաքելության վերահսկման գոտուց, իսկ հետո դիպուկահարի կրակոցով մեր զինծառայողի վիրավորվելը առանց որեւէ պատճառի», -ասել է Բայրամովը՝ ԵՄ-ի վրա դնելով ադրբեջանական ագրեսիայի մեղքը։

Նա առանձին ուշադրություն է հատկացրել Ֆրանսիայի վրա հարձակումներին։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի ակտիվացումը նախաձեռնվող դրական քայլերի ժամանակ ծառայում է հարցի սրացմանը։ «Շոլցի նախաձեռնած հանդիպումից հետո հիշատակվեց եւ համաձայնեցվեց խաղաղ գործընթացի զարգացման կարեւորությունը։ Բայց դրանից անմիջապես հետո հաջորդեցին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, հետո Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, եւ նրա սադրիչ հայտարարությունները դրա օրինակն են»,- ասել է նա։

Spread the love