Կրեմլում ուշադրություն են դարձրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա արեւմտյան ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման մասին հայտարարությանը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Եթե դա տեղի ունենա, ապա ստիպված կլինենք խոսել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ուղիղ բախման ոչ թե հավանականության, այլ անխուսափելության մասին, ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
«Մենք նաեւ արձանագրել ենք, որ կարծիքների շատ լայն շրջանակ կա այս հաշվով, իսկապես կոնսենսուս չկա։ Այդ միջոցառման մասնակից երկրների մի ամբողջ շարք Փարիզում բավական սթափ գնահատական է տալիս նման գործողության պոտենցիալ վտանգներին եւ թեժ հակամարտությանը, արդեն մարտադաշտում անմիջական ներգրավման պոտենցիալ վտանգին։ Դա, իհարկե, բոլորովին չի բխում այդ երկրների շահերից, նրանք պետք է իրենց հաշիվ տան դրանում»,- ասել է Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՌԲԿ-ն։
Էմանուել Մակրոնը Փարիզում Եվրոպայի ղեկավարների հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինային աջակցելու նոր քայլերի մասին եւ հայտնել, որ պատերազմում Ռուսաստանի հանդեպ հաղթանակի հասնելու համար չի բացառվում երկիր արեւմտյան ցամաքային զորքերի ուղարկումը։