Խնդիրներ ունեինք, երբ բժիշկը մի այլ դեղ էր նշանակում, դեղատան աշխատակիցը ինչ-որ պատճառներից ելնելով փոխում էր թե անվանումը, թե չափաքանակը. Էլեկտրոնային դեղատոմսերի դեպքում այդ հնարավորությունը չի լինելու: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
«Այն, ինչ նշանակված է, իսկ նշանակումը ազդող նյութով է նշվում, եթե չկա մեկ բրենդային անվանում, կա մեկ այլ բրենդային անվանում, պցիենտը ծանոթանալով այդ դեղորայքների գնացուցակին, ինքն է ընտրում, թե որ գումարի շրջանակներում է մատչելի այդ դեղորայքը գնել, այլ ոչ թե տեղում փոխվել եւ այլ խմբի հակաբիոտիկ նշանակվել»,-ասաց Ջումայանը:
Անդրադառնալով դեղատոմսի գործողության ժամկետներին, փոխնախարարն ասաց. «Օրինակ, եթե հակաբիոտիկ պետք է նշանակվի 10 օր, օրական երկու անգամ, պացիենտը կարող է գնել 10 հատ, որից հետո գնի եւս 5, ապա եւս 5 դեղահաբ: Այսինքն պետք է 10 օրվա մեջ ինքն իր 20 հաբը գնի եւ խմի: Եթե բժիշկը տեսնում է, որ 10 օրն անցել է, եւ իր հիվանդը դեռ 10 հաբ է գնել, դա եւս ցուցիչ է, որ զանգահարի, հրավիրի, հասկան՝ ինչն է խնդիրը, արդյոք գումարի հետ է կապված, որ չի գնել, թե՞ այլ խնդիրներ կան, որ որոշել է կեսը խմի, մյուս կեսը՝ ոչ»:
Նշենք, որ մարտի 1-ից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. Պացիենտը դեղատուն պետք է գնա անձնագրով: «Մարտից մենք ներառում ենք հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերը եւ իմունային շիճուկները, ինչպես նաեւ պատվաստանյութերը»,- նշել է Ջումայանը: