Թրամփը Բայդենից առաջ է անցել առանցքային 7 նահանգում. «Bloomberg»-ի հարցման արդյունքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի մեծ աջակցություն  է վայելում, քան գործող նախագահ Ջո Բայդենը․ խոսքն ամենաքիչը 7 նահանգների մասին է, որոնցում գրանցվելիք արդյունքները, ամենայն հավանականությամբ, կկանխորոշեն ընտրությունների ելքը, հայտնում է «Bloomberg News/Morning Consult»-ը՝ վկայակոչելով իրականացված սոցհարցումների արդյունքները։

Ըստ այդմ, Բայդենը հետ է մնում Թրամփից Արիզոնա, Ջորջիա, Փենսիլվանիա, Միչիգան, Հյուսիսային Կարոլինա, Նևադա և Վիսկոնսին առանցքային նահանգներում, որոնց ընտրողների 48%-ն ասել է, որ կաջակցի Թրամփին, մինչդեռ 43%-ը նշել է, որ սատարելու է Բայդենին:

Թրամփի առավելությունն ամենամեծը եղել է Հյուսիսային Կարոլինայում, որտեղ նա առաջ է անցել Բայդենից տոկոսային 9 կետով՝ ունենալով 50 տոկոս աջակցություն Բայդենի 41 տոկոսի դիմաց: Հյուսիսային Կարոլինան, որտեղ Թրամփը հաղթել էր 2020 թվականի ընտրություններում, միակ նահանգն է, որտեղ նոր հարցման արդյունքում նա ստացել է առնվազն 50 տոկոս աջակցություն․ թեկնածուներից ոչ մեկն առանցքային մյուս նահանգներում մեծամասնության աջակցությունը չի ստացել:

Ընդ որում, հարցվածների զգալի մասը մտահոգություն է հայտնել Բայդենի տարիքի վերաբերյալ, այնինչ զգալի տոկոսն ասել է, որ Թրամփը վտանգավոր է։

Ընդհանուր առմամբ, առանցքային նահանգներում հարցված 10 ընտրողներից 8-ն ասել են, որ 81-ամյա Բայդենը չափազանց ծեր է, իսկ հարցվածների կեսից պակասն ասել է, որ 77-ամյա Դոնալդ Թրամփն է չափազանց ծեր:

Spread the love