2024-ի փետրվարի վերջի դրությամբ Երևանի սեփական եկամուտների գծով մուտքերը 1,6 մլրդ դրամով ավելի են եղել 2023-ի համեմատ

2024 թվականի փետրվարի 29-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 8 մլրդ 44 մլն դրամ: Փետրվարի համար նախանշված ցուցանիշը թերակատարվել է 926.8 մլն դրամով, կատարողականը կազմել է 89,7 տոկոս: Այդ մասին այսօր՝ մարտի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արման Ջհանգիրյանը։

Թերակատարման հիմնական պատճառը տեղական տուրքերի ու վճարների գծով մուտքերի պակաս հավաքագրումն է, քանի որ ավագանու որոշմամբ արտոնությունների 2 փաթեթ է տրամադրվել: Ըստ Արման Ջհանգիրյանի՝ այս փաթեթներով արդեն իսկ բավականին լուրջ արտոնություններ են տրամադրվել շինարարության ոլորտին տեղական վճարների ու տուրքերի գծով:

«Ամեն դեպքում հայտնեմ, որ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 1,6 միլիարդ դրամով կամ 20,9 տոկոսով ավելի է հավաքագրվել»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ ծախսային հոդվածներով կան էական փոփոխություններ, օրինակ, մանկապարտեզներում մոտ 30 տոկոսով վերանայվելու են աշխատավարձերը, կան նաև նոր ծրագրեր շինբարեկարգման և տրանսպորտի ոլորտներում, ուստի գումարի հավաքագրումը շատ կարևոր է:

Spread the love