Իրանի արտգործնախարարը իսլամական երկրներին կոչ է արել բոյկոտել իսրայելական ապրանքները

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստում կոչ է արել բոյկոտել իսրայելական ապրանքները եւ հանել հրեական պետությունը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կազմից։

«ԻՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների Ջիդայում ընթացող արտահերթ նիստում ես ընդգծել եմ ցեղասպանություն իրականացնող հրեական վարչակարգը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովից հանելու եւ միջազգային այլ կազմակերպություններին այդ վարչակարգի անդամությունը դադարեցնելու անհրաժեշտությունը»,- գրել է նա X-ում։ «Այդ վարչակարգի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, ապրանքների արտահանման դադարեցումը [Պաղեստինի] օկուպացված տարածք եւ իսրայելական ապրանքների բոյկոտը կարելի է դիտարկել որպես Պաղեստինի աջակցության գործնական միջոց»,- նշել է Աբդոլահիանը։

Իրանի ԱԳՆ ղեկավարը ժամանել է սաուդյան Ջիդա քաղաք մարտի 5-ին՝ մասնակցելու ԻՀԿ արտաքին գործերի նախարարների Խորհրդի արտահերթ նստաշրջանին՝ նվիրված Պաղեստինի իրավիճակին։ Այցի ընթացքում նա հանդիպել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի իր գործընկերների՝ արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի, Հաքան Ֆիդանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ։

Spread the love