Միջազգային հանրությունը համապատասխան լրջությամբ չի վեաբերվել Արցախի ժողովրդի պահանջներին և էթնիկ զտման ու ցեղասպանության մասին ահազանգումներին: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարբեր, երբեմն նաև անհոդաբաշխ ելույթներ ձոնելը չի նշանակում, որ մեխանիզմը կիրառության մեջ է դրվել։
«Մեր խնդիրն այն է, որ մեխանիզմը կիրառության մեջ չի դրվել»,- ասաց Գ.Ստեփանյանը։
Գեղամ Ստեփանյանն ասաց. «Արցախցիների խնդիրները վերաբերում են ինչպես սոցիալական բնույթին, այնպես էլ իրավունքների ավելի լայն շրջանակին վերաբերող հարցերին, որոնցից է նաև վերադարձի իրավունքը, որը, կարծում ենք, պետք է նաև Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի»։
Հարցին՝ արցախցին կկռվի՞ Տավուշի համար, նա պատասխանեց. «Կարծում եմ, այո»։
Նշենք, որ արցախցիներն այսօր Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը «չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները»։