ՆԳՆ-ն Ռուսաստանում օտարերկրացիների կեցության ժամկետը կկրճատի՝ հասցնելով տարեկան 90 օրվա

ՌԴ ՆԳՆ-ն կառավարություն է ներկայացրել օրինագիծ, որը նպատակ ունի ընդլայնել գերատեսչության լիազորություններն օտարերկրացիների հանդեպ։ Առաջարկվում է երկիր եկած օտարերկրացիների կեցության ժամկետը կրճատել՝ հասցնելով տարեկան 90 օրվա, հայտնել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, փոխանցել է «Ведомости»-ն։

Գերատեսչության  հաղորդման մեջ նշվում է, որ նախագիծը սահմանում է մի շարք իրավական լրացուցիչ հիմնավորումներ։ Փաստաթուղթը նախատեսում է անձի կենսաչափական նույնականացման կիրառում Ռուսաստան մտնելիս եւ կեցության միասնական փաստաթուղթ միգրանտների համար։ Օտարերկրացիների համար կստեղծեն թվային պրոֆիլ, որը կվերահսկի երկրում կենալու ռեժիմը քաղաքացիների առանձին կարգի համար։ Կկրճատվի նաեւ օտարերկրացիների ժամանակավոր կեցության ժամկետը՝ տարվա ընթացքում 90 օր։ Այժմ այն կազմում է երեք ամիս կես տարվա համար։

Բացի այդ, գերատեսչությունն առաջարկում է ուժեղացնել գործատուների վերահսկողությունը, որոնք մասնագետներն են բերում արտասահմանից, ինչպես նաեւ մտցնել անլեգալ միգրանտների իրավունքների արտադատական սահմանափակում եւ արգելել կազմակերպություններին (ներառյալ պետական մարմինները) միգրացիոն օրենսդրությունը խախտողներին մատուցել որեւէ ծառայություն։ ՆԳՆ-ն մտադիր է  արգելել ցանկացած գործողություն, որը կարող է օգնել օտարերկրացիներին երկարացնել Ռուսաստանում անօրինական գտնվելու ժամկետը։

Այլ առաջարկների շարքում, որոնք ներառված են օրինագծում, կա «լոյալության մասին համաձայնագիրը»։ Օտարերկրացիներն այն ստորագրելու են Ռուսաստան մտնելիս։ Փաստաթուղթը նախատեսում է, որ երկրի հյուրերը իրենց իրավունքների սահմանափակման համաձայնություն են տալիս ՌԴ օրենքները խախտելու դեպքում։ ՆԳՆ-ն ցանկանում է առանձին դեպքերում անցանկալի անձանց վտարում մտցնել։ «Ընդ որում՝ վտարումն իրավունք կունենան նշանակել ինչպես դատարանը՝ որպես պատժի միջոց, այնպես էլ գործադիր իշխանության լիազոր դաշնային մարմինները արտադատական կարգով՝ որպես պետական հարկադրման միջոց»,- նշված է փաստաթղթում։

Spread the love