Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոցներ կկիրառի ՑԱԽԱԼ-ի գումարտակներից մեկի դեմ

Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի քանի օրվա ընթացքում կհայտարարի Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) «Նեցախ Յեհուդա» գումարտակի դեմ պատժամիջոցների մասին՝ օկուպացված Արևմտյան ափում մարդու իրավունքների խախտումների պատճառով, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Նշվում է, որ սա կլինի առաջին դեպքը, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի իսրայելական զորամիավորման դեմ։

Ըստ աղբյուրների, պատժամիջոցները կարգելեն գումարտակին և նրա անդամներին ԱՄՆ-ից  ռազմական որևէ օգնություն կամ ուսուցում ստանալ:

Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ «Նեցախ Յեհուդա» ստորաբաժանման վերաբերյալ Բլինքենի եզրակացությունը հիմնված է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումից առաջ տեղի ունեցած միջադեպերի վրա, որոնք բոլորը տեղի են ունեցել Արևմտյան ափում:

«Նեցախ Յեհուդա» գումարտակը ստեղծվել է որպես ուլտրաօրթոդոքսալ զինվորների հատուկ ստորաբաժանում: Նրա բոլոր անդամները տղամարդիկ են։

Տարիների ընթացքում Արևմտյան ափում տեղակայված ստորաբաժանումը դարձել է բազմաթիվ «լեռնցի տղաների»՝ արմատական ​​աջ մտայնությամբ երիտասարդ վերաբնակիչների նշանակման վայր, որոնք չէին ընդգրկվել ՑԱԽԱԼ-ի որևէ այլ մարտական ​​ստորաբաժանման մեջ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը սկսել է հետաքննել «Նեցախ Յեհուդա» գումարտակի գործունեությունը 2022 թվականի վերջին այն բանից հետո, երբ նրա զինվորները ներգրավված են եղել պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ բռնության մի քանի միջադեպերում, այն ժամանակ տեղեկացրել էր  Haaretz-ը:

2023 թվականի հունվարին գումարտակը Արևմտյան ափից տեղափոխվել է Հոլանի բարձունքներ։ Այն ժամանակ հաղորդվում էր, որ որոշումն ընդունվել է պաղեստինցի խաղաղ բնակիչների նկատմամբ գումարտակի զինվորների բռնության կիրառման բազմաթիվ միջադեպերի արդյունքում։

«Իսրայելի պաշտպանության բանակի նկատմամբ չպետք է պատժամիջոցներ մտցվեն»,-  իր միկրոբլոգում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն։

Նա հավելել է, որ այդ միջոցները կիրառելու մտադրությունն «այն ժամանակ, երբ Իսրայելի պաշտպանության բանակը կռվում է ՀԱՄԱՍ-ի դեմ, անհեթեթության և բարոյական անկման գագաթնակետն է», և որ իր կառավարությունը «իր ողջ ուժով կհակազդի այդ քայլերին»։

Spread the love