Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Հայտարարության մեջ նշված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ ապրիլի 26-ին բերման են ենթարկվել Երևան-Սևան մայրուղու հատվածում բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
«Հրապարակված տեղեկության համաձայն՝ բերման է ենթարկվել նաև Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Իրականացված այցի շրջանակում ԱԺ պատգամավորը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ բողոքի ակցիայի իրականացման վայրից Ոստիկանության ծառայողներն իրեն Ոստիկանական մեքենայով տեղափոխել են բաժին, որից հետո միայն, բաժնի վարչական շենքում, իրեն հայտնել են, որ իր նկատմամբ որևէ ընթացակարգ նախաձեռնված չէ և բերման չի ենթարկվել»,-ասվում է հայտարարության մեջ: