Կարմիր եւ գերմշակված միսը բարձրացնում է քաղցկեղի առաջացման վտանգը

Բրիտանացի սննդաբաններ Դուեյն Մելորի եւ Մեթյու Լամբերտի կարծիքով՝ կարմիր եւ գերմշակված միսը ամենաքաղցկեղածին մթերքների շարքում է։ Այս մասին տեղեկացրել է Daily Mail պարբերականը։Առողջ սննդի գծով փորձագետները նշել են, որ անհնար է խուսափել բոլոր քաղցկեղածիններից։ Բայց քաղցկեղի վտանգը կարելի է էապես նվազեցնել, եթե սննդաբաժնից բացառվեն մսային կիսաֆաբրիկատները եւ դրանցից պատրաստված արտադրատեսակները՝ նրբերշիկ, երշիկ, բեկոն, սալյամի, ապուխտ եւ հոթ-դոգ։ Բանն այն է, որ պահպանման ժամկետն ավելացնելու կամ համը լավացնելու համար միսը ենթարկվում է հատուկ քիմիական մշակման։ Այսպես, նիտրատները (ազոտաթթվի աղերը) այդ սննդի մեջ օրգանիզմում կարող են վերափոխվել N-նիտրոզոքիմիկատի (NOCs)։ Այդ նյութերը հզոր քաղցկեղածիններ են։

«Բարձր դասի քաղցկեղածինների» ցուցակում են նաեւ սթեյքները, բուրգերները եւ ծեծած կարմիր մսից պատրաստված կերակուրները։ Փորձագետների խոսքով՝ կարմիր միսը մեծացնում է հաստ աղիի, ստամոքսի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։ Քաղցկեղի առաջացման հնարավոր ուղիներից մեկը կապված է հեմ (haem) միացության հետ, որը պարունակում է երկաթ եւ մսին մուգ գույն է հաղորդում։ Այնուամենայնիվ,  կարմիր մսից լիովին հրաժարվել պետք չէ։ Բավական է սահմանափակել այն օրական 70 գրամի չափով։

Spread the love