Իսրայելի պաշտպանության նախարարը մարտահրավեր է նետել Նեթանյահուին՝ Գազայում հետպատերազմյան ծրագրերի առնչությամբ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, որը խոստացել է դեմ արտահայտվել Գազայի վրա Իսրայելի ցանկացած երկարաժամկետ ռազմական կառավարմանը, չորեքշաբթի հրապարակավ մաարտահրավեր է նետել վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Գազայի հատվածի հետպատերազմյան ծրագրերի առնչությամբ։

Ըստ Reuters-ի՝ պաշտպանության նախարարը հեռուստաեթերով արված հայտարարությունը նշանավորել է յոթամսյա հակամարտության ընթացքում մի քանի ճակատներում Նեթանյահուի դեմ Իսրայելի բարձրագույն օղակների ամենաաղմկոտ անհամաձայնությունը, որը քաղաքական տարաձայնություններ է առաջացրել երկրի ներսում և արտերկրում:

Հակադարձելով՝ Նեթանյահուն, Գալանտի անունն ուղղակիորեն չնշելով, ակնարկել է, թե նախարարն «արդարանում է» մինչև օրս ՀԱՄԱՍ-ին չոչնչացնելու համար:

ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու և պատանդներին ազատ արձակելու՝ Նեթանյահուի կառավարության նպատակները հաստատելով՝ Գալանտը հայտարարել է, որ այդ նպատակները պետք է լրացվեն՝ պաղեստինյան այլընտրանքային կառավարման համար հիմք դնելով:

«Պետք է վերացնենք Գազայի հատվածը կառավարելու ՀԱՄԱՍ-ի հնարավորությունները: Այս նպատակին հասնելու բանալին ռազմական գործողություններն են և Գազայում այլընտրանքային կառավարության ստեղծումը, ասել է Գալանտը։

Նման այլընտրանքի բացակայության դեպքում մնում է միայն երկու բացասական տարբերակ՝ կամ համաձայնել Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարմանը կամ Գազայում Իսրայելի ռազմական կառավարմանը»,- հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարը՝ շեշտելով, որ դեմ է լինելու վերջին սցենարին և Նեթանյահուին կոչ է արել պաշտոնապես հրաժարվել այդ տարբերակից։

Spread the love