Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին

Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի ազգային պաշտպանության հանձնաժողովների նախագահների 1-ին հանդիպմանը, հայտնում է Anadolu-ն։

Այսպես է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել 4 հայկական գյուղերի հանձնումը Ադրբեջանին։ Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, նա ասաց, որ Ադրբեջանը «ճանապարհ հարթեց տարածաշրջանում կայուն խաղաղության համար՝ վերջ դնելով Ղարաբաղի օկուպացմանը, որը տևեց գրեթե երեք տասնամյակ»։

Ֆիդանը դրական քայլ է անվանել «Հայաստանի կողմից օկուպացված չորս գյուղերի վերադարձը Ադրբեջանին», ինչպես նաև Ալմաթիում ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները։

Նա ընդգծել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին այս գործընթացում։ Ֆիդանը նաեւ վստահություն է հայտնել, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական արդյունքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար։

Spread the love