Հայաստանում հարկատուների կողմից ճիշտ չներկայացված տեղեկությունների համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն։ Այս մասին Ազգային ժողովում, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի քննարկման ժամանակ, մայիսի 22-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արթուր Մանուկյանը։
Կառավարությունը, մասնավորապես, առաջարկում է մտցնել վարչական պատասխանատվություն ոչ ճիշտ կամ ոչ ստույգ տեղեկատվական աղյուսակներ լրացնելու համար, որոնք ուղիղ կապ չունեն հարկերի հաշվարկման հետ, բայց էական նշանակություն ունեն վերլուծական աշխատանքի համար, որը կատարում են հարկային մարմինները։
Սպասվում է, որ այս փոփոխությունների արդյունքում կապահովվի հարկատուների կողմից լիակատար եւ ստույգ տեղեկատվություն, ինչպես նաեւ կճշտվի վարչական իրավախախտումների շրջանակը, որոնք ենթակա են ստուգման մաքսային եւ հարկային մարմինների կողմից։
Առաջին ոչ ճիշտ տեղեկության դեպքում կարվի նախազգուշացում։ Եթե սխալը չշտկվի 1 ամսվա ընթացքում, տուգանքը կկազմի 10 հազար դրամ։ Երկրորդ անգամ եթե սխալը չշտկվի 30 օրվա ընթացքում, տուգանքը կկազմի 50 հազար դրամ։
Նաեւ խորհուրդ է տրվում օրենսգրքից հանել ոչ ֆունկցիոնալ դրույթները։
Իսկ ընկերությունների կամ ձեռնարկությունների պարագայում, ինչպես նշել է Մանուկյանը, պատասխանատվությունը կկրի այն անձը, որը պատասխանատու է վերոնշյալ տվյալների հանձնման համար։ Այսինքն՝ պատասխանատվությունն, ըստ էության, կդրվի կամ ընկերության ղեկավարի, կամ գլխավոր հաշվապահի վրա։