Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան է եկել Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների պատվիրակությունը։
Կոմիտեից հայտնում են, որ միջազգային փորձագետներն ուսումնասիրում են քաղաքաշինության, հողային ռեսուրսների կառավարման, տարածքային համաչափ զարգացման և բնակարանաշինության խնդիրները և այդ ոլորտների զարգացման հնարավորությունները։ Հետազոտական աշխատանքների արդյունքներով Քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցությամբ մշակվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ երկրի նկարագիր» փաստաթուղթը։ Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեն կազմակերպել է պատվիրակության հանդիպումները պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։
Ավելի քան մեկշաբաթյա այցի ընթացում բազմաթիվ քննարկումների, ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են Քաղաքաշինության կոմիտեում շահագրգիռ կառույցների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ։ Փորձագետները ներկայացրել են 2017 թվականին ընդունված «Երկրի նկարագիր» փաստաթղթի շրջանակում իրագործված ծրագրերի վերաբերյալ իրենց գնահատականը, դիտարկել ներկա իրավիճակը, մարտահրավերներն ու հնարավորությունները։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հետազոտության շրջանակում կոմիտեի և միջազգային փորձագետների հետ համագործակցած գործընկերներին, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ կարևոր ոլորտների զարգացման վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ մշակելու համար։ Նա ընդգծել է, որ միջազգային փորձագետների խորհրդատվական ցուցումները կօգնեն ճիշտ կազմակերպել զարգացման ծրագրերն առանցքային ուղղություններով։ Այդ նպատակով առանձնահատուկ կարևորվում են տարածքային համաչափ զարգացմանը, տարածքների արդյունավետ օգտագործմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, սոցիալական բնակարանային ապահովմանը, վերաբերող, ոլորտային տվյալների էլեկտրոնային հասանելիության ապահովմանը վերաբերող հարցերը։
Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է տարվա ընթացքում համակարգել փորձագետների հետ աշխատանքը։ Նախատեսվում է, որ Երկրի նկարագիր փաստաթուղթը պատրաստ կլինի հոկտեմբերին և կներկայացվի Ժնևում ՄԱԿ ԵՏՀ քաղաքաշինության, բնակարանաշինության և հողերի կառավարման կոմիտեի նստաշրջանի ժամանակ: