Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում ՀՀ 2024 թվականի հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագիրը (հարցաշարը) հաստատելու մասին որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ:
Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է ՀՀ կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ:
Ըստ այդմ, Կառավարության որոշմամբ ՀՀ-ում հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառման (ԳՀՀ) անցկացման ժամկետ է սահմանվել՝ 2024 թվականի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ:
Նախագծի ընդունման դեպքում կապահովվի Օրենքի պահանջներին համապատասխան 2024 թվականի հերթական ԳՀՀ ծրագրի (հարցաշարի) հաստատումը, որի հիման վրա կմշակվեն ԳՀՀ հարցաթերթերը՝ համատարած հարցումների իրականացման համար, ինչի հիման վրա, կապահովվի ԳՀՀ ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումը, մշակումն ու ամփոփումն ըստ սահմանված ժամկետների: Արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում հերթական ԳՀՀ անցկացումը օրենսդրությամբ սահմանված կարգով և միջազգային մեթոդաբանությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան: