Մեկնարկում է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» կրթամշակութային նախագիծը

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը մայիսի 31-ից հունիսի 17-ը Երևանում և մարզերում կիրականացնի «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» կրթամշակութային նախագիծը:

 

Ծրագրի շրջանակում կերպարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, տիկնիկագործության, թանգարանային գործի ոլորտներում կիրականացվեն  վարպետության դասեր, աշխատարաններ, կկազմակերպվեն կլոր սեղան- քննարկումներ, հանդիպումներ՝ Վրաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի արվեստագետների մասնակցությամբ: Ծրագիրը կանցկացվի Երևանում, Գորիսում, Վանաձորում և կդառնա մշակութային խաչմերուկ հինգ երկրների արվեստագետների և արվեստասերների համար։

 

ԳԱԿ-ն իր երևանյան և մարզային ստորաբաժանումներով կդառնա արվեստի մասնագիտական հարթակ արտերկրի արվեստագետների համար՝ իրականացնելու և ներկայացնելու իրենց նախագծերն ու փորձը: Մասնագետներն իրենց գիտելիքներն ու հմտությունները կփոխանցեն հայ պատանիներին և երիտասարդներին, կհանդիպեն և փորձի փոխանակում կունենան Հայաստանի տարբեր համայնքների արվեստագետների հետ։

 

Ուսումնաճանաչողական և ստեղծագործական այս նախագիծը հրաշալի հնարավորություն է մարզային արվեստասեր հանրության համար՝ ծանոթանալու միջազգային արվեստագետներին և նրանց ստեղծած արվեստին, ստեղծագործելու և ներկայացնելու տվյալ մարզի ազգային մշակութային ավանդույթներն ու հնարավորությունները:

 

Միջազգային  արվեստագետներն են՝ պատմական գիտությունների դոկտոր, Կորնելի Կեկելիձեի անվան վրացական ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զաալ Աբաշիձե (Վրաստան),  նկարազարդող, տիկնիկագործ Շադի Վեդայի (Իրան), նկարիչ Հերվե Ալեքսանդր (Ֆրանսիա),  խորեոգրաֆ և պարուհի Դանիելա Դելերչի (Իտալիա),  դրամատուրգ, ռեժիսոր Լուսիեն Հոգ (Շվեյցարիա):

 

«ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» կրթամշակութային նախագծի  մեկնարկը կտրվի մայիսի 31-ին:

Spread the love